|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողների հետ ստեղծված հասարակական-քաղաքական վիճակի, Բաղրամյան պողոտայում սկիզբ առած հասարակական ընդվզումների մասին զրուցեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով` հունիսի 28-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչ աուդիտի անցկացումը հոսանքի թանկացման համար քաղաքացիները չեն վճարի, մնում էր մարտավարության երկու տարբերակ` կա\'մ հեռանալ Բաղրամյան պողոտայից, բայց շարունակել քաղաքացիական հարթության վրա մեծացնել իշխանությունների նկատմամբ ճնշումը, կա\'մ էլ անցնել քաղաքական շարժման:
«Կա\'մ պետք էր ասել` մեզ չի բավարարում Սերժ Սարգսյանի պատասխանը, և ձևեր գտնել քաղաքացիական հարթության մեջ ճնշումը մեծացնելու համար, կա\'մ էլ հայտարարել, որ եթե նախագահի կարողությունների սահմանը սա է, ուրեմն դնում ենք քաղաքական պահանջներ: Աբսուրդ կլիներ ակնկալել, որ անփորձ երիտասարդները հրաժարականի պահանջ դնեն, մանավանդ, որ նրանք անգամ շարժումը համակարգելու խնդիր ունեին: Իսկ քաղաքական ուժերը ոչ թե պետք է խառնվեին այդ շարժմանը ու պարտադրեին ինչ-որ պահանջներ, այլ ձևավորեին իրենց հարթակը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, օրակարգի բացակայության հետեւանք է. ստեղծվել էր քաոսային կամ վակուումային վիճակ, երբ ամեն փոքր բան աչքի է զարնում` մեկ` համբույրի տեսարան, մեկ` այլ երկրների դրոշներ բերելու հանգամանքը, ով ինչ խոսեց, ով ինչ արեց և այլն:
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի կողմից ԵՄ դրոշներ Բաղրամյան պողոտա տանելու փաստին, որը քաշքշուկի ու միջադեպի պատճառ հանդիսացավ, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ, որպես քաղաքական գործիչ, Հայրիկյանը ճիշտ բաներ էր ասում, պարզապես սխալ էր ԵՄ դրոշը տանել այնտեղ, եթե նախապես գիտես, թե ինչ վերաբերմունք է լինելու դրա նկատմամբ:
«Ամեն դեպքում ցանկացած դրոշ քացու տակ առնելը, վառելը, պատռելը տհաճ է ինձ համար մարդկայնորեն, եթե անգամ համարեմ, որ ճիշտ չէր դրոշ տանելը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: