3214 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 09:14
Քաղաքական

Չնայած բռնաճնշումներին, Գյումրիում ընդդիմությունը մնում է առաջատար դիրքերում. պատգամավոր

Չնայած բռնաճնշումներին, Գյումրիում ընդդիմությունը մնում է առաջատար դիրքերում. պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․ 

«Նիկոլական Հայաստանում բռնաճնշումները սովորական թեմա են դարձել: Ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են օրվա հակապետական իշխանությունները մեկ անձի կամ մարդկանց մի ամբողջ խմբի նկատմամբ բռնություն կիրառում, ապօրինի բերման են ենթարկում, անհիմն քրեական գործեր են հարուցում: Յուրաքանչյուր նոր օրենսդրական նախաձեռնություն կա՛մ ընդլայնում է իշխանությունների՝ քաղաքացիներին հետապնդելու հնարավորությունը, կա՛մ մեծացնում է նրանց պատասխանատվությունը:

Գործող ռեժիմի նման գործելաոճի վերջը չի երեւում․․․

Գյումրիում իշխանությունը համատեղում է ընտրություններն ու ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։ Մարտի 30-ին նախատեսված Գյումրու ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլը սկսում է այլ ​​երանգ ստանալ՝ կապված այն ապօրինի միջոցառումների հետ, որոնք գործող ռեժիմը ձեռնարկում է համայնքապետի աթոռը զավթելու համար։ Դրա մասին են վկայում վերջին օրերին Հայաստանի երկրորդ քաղաքում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ իրականացվող բացահայտ բռնաճնշումները։

Այսօր Գյումրիում զանգվածային խուզարկություններ տեղի ունեցան ընդդիմադիր քաղաքական գործիչների գրասենյակներում։ Պաշտոնատար տեղեկատվության համաձայն խուզարկությունները կատարվել են իբր հարուցված քրեական գործերի շրջանակներում։

Ինչո՞վ են պայմանավորված իշխանությունների նման գործողությունները։

Ակնհայտ է, որ չնայած բռնաճնշումներին, ընդդիմության ներկայացուցիչները մնում են առաջատար նախընտրական պայքարում և գյումրեցիների մեծամասնությունը շարունակում է աջակցել նրանց: Այն, ինչ կատարվում է այս օրերին Գյումրիում, ցույց է տալիս, որ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները խուճապի մեջ են և վստահ չեն, որ կկարողանան հաղթել առաջիկա ընտրություններուն։

Թերևս նույնիսկ ամենաապաքաղաքական մարդն այսօր հասկանում է, որ ՔՊ-ի կառավարման արդյունքում Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդու հիմնարար իրավունքները և խոսքի ազատությունը վաղուց ոտնահարված են։ Վարչապետի աթոռը զավթած անձը ու նրա ապազգային թիմը, անպատժելիությունից կուրացած, անցնում են բոլոր սահմանները, ոտնահարում օրենքը և պետությունը վերածում համակենտրոնացման ճամբարի»։

Հիշեցնենք՝ ընտրություններին ընդառաջ երեկ Գյումրիում վաղ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկում էին «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները։ Բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Էմմա Գրիգորյանը, ով վատառողջ է և երկու անչափահասի մայր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի որդուն և հորն են ձերբակալել։ Ըստ նախնական տեղեկություններին՝ նրանք անցնում են, այսպես կոչված, շիբին գործով։