կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 12:33
Քաղաքական

ՀԱԿ-ը, փաստորեն, չի խանդում

ՀԱԿ-ը, փաստորեն, չի խանդում

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ կառավարության գործունեությանը` վաղ համարելով գնահատականներ տալ, միաժամանակ շեշտելով, թե այս համակարգում լավ փոփոխություններ հնարավոր չէ սպասել: Ըստ նրա` կառավարությունը չունի զարգացման տեսլական:

«Երբ ես հարցրեցի, թե ե՞րբ կարող են թոշակները բարձրանալ, կարող էին, չէ՞, ասել` երկու տարում, չորս տարում, հինգ տարում, բայց նրանք որևէ ուղենիշ չասացին, բացի այն, որ առայժմ թոշակները չեն բարձրանալու»,- ասաց Զուրաբյանը:

Բացի այդ` վարչապետը չգիտեր, թե ինչպես է ցածր աշխատավարձով պետական համակարգում աշխատեցնելու բարձրորակ կադրերին, ինչը, ըստ Զուրաբյանի, նույնպես հույս չի ներշնչում:

Հարցին, թե արդյո՞ք այս կառավարությանը կհաջողվի անել այն, ինչ նախորդներին չի հաջողվել, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, պատգամավորը պատասխանեց, որ այս իշխանությունը հստակ չի ասում, թե ինչ են ուզում հաջողել, առայժմ տեսնում ենք կառավարություն, որը տեսլական չի ներկայացնում:

Հարցին, թե ՀԱԿ-ը կմիանա՞ Գյումրիում մի քանի քաղաքական ուժերի հայտարարությանը՝ բոյկոտել ավագանու նիստերը, Զուրաբյանը պատասխանեց, որ միակ բանը, որ եղել է, այն էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այցելել է ՀԱԿ-ի գրանսենյակ և խնդրել, որ ՀԱԿ-ն աջակցի իրենց ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցում, իրենք էլ ասել են` հարց չկա:

«ՀԱԿ-ը խանդով չի՞ վերաբերվում այն իրավիճակին, որն արձանագրվեց ՏԻՄ ընտրություններում` ՀԱԿ-ը մնաց ստվերում»հարցին նա պատասխանեց. «Ես սիրավեպերին վերագրվող էպիտետներ չէի կիրառի քաղաքականության մեջ: Գյումրիում ու Վանաձորում անցկացված բավական կեղտոտ կլանային ընտրություններին մենք մեր գնահատականն արդեն տվել ենք»: