կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 20:14
Առանց Կատեգորիա

Ներիշխանական բո՞ւնտ է հասունանում

Ներիշխանական բո՞ւնտ է հասունանում

Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սեպտեմբերի 8-ին, երբ ՀՀԿ խորհրդի նիստում հաստատվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Խաչատրյանը լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել էր, թե անկախ կառավարության փոփոխությունից, ինքը շարունակելու է պաշտոնավարել: Նրա պաշտոնանկությամբ քաղաքական իշխանությունը փաստացի ասում է, որ անփոխարելիներ չկան, եթե անգամ խոսքը վերաբերում է Սյունիքի ամենազոր թվացող նախկին մարզպետին:

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը խորհրդանշում է ներքին բովանդակային լրջագույն փոփոխությունների գնալու, օդիոզ դեմքերից ազատվելու, քրեական տարրերի և օլիգարխիայի հետ ասոցացվող անհատներին պետական կառավարումից օտարելու` իշխանության տրամադրվածությունը: Այն փաստացի մեկնարկեց նախորդ կառավարության հրաժարականով և ծավալվեց նոր կառավարության կազմում շատ կոնկրետ անձանց չընդգրկվելով: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, թե կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: «Միգուցե մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը»,- ասել է նա: 

Փաստը, որ Սուրիկ Խաչատրյանն առավել քան համոզված էր, որ կադրային ջարդն իրեն չի վերաբերելու, վկայում է ոչ միայն իշխանությունից կառչած մնալու նրա ցանկությունը, սկսված փոփոխություններին նրա անհամաձայնությունը, այլեւ նաև վստահությունը, որ իշխանությունը չի կարող հրաժարվել իրենից և այն ռեսուրսից,  որ Սյունիքի մարզում իրենով պայմանավորված ծառայում է քաղաքական իշխանության դիրքերին: Դիմադրության ակնհայտ դրսևորում էր նաև իր հրաժեշտի ելույթում նախկին վարչապետի արած այն ակնարկները, թե ինքն ակտիվ քաղաքականությունից դուրս չի գալու:

«Հեռացողների» նման ռեակցիան հաստատում է, թե նախաձեռնված փոփոխությունները որքան ցավոտ են խոստանում լինել հենց իշխանության և իշխանական հիերարխիայի համար, որովհետև այս կոնտինգենտը չի ցանկանում կորցնել դիրքերն ինչպես քաղաքական, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Հիմա ողջ հարցն այն է, թե ինչպես են այս շրջանակները պատասխանելու իրենց նկատմամբ վարվող այս «մեկուսացման» քաղաքականությանը: Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ այս կոնտինգենտը, որը մշտապես դիտարկվել է իբրև ընտրությունից ընտրություն գործող իշխանական թիմի հաղթանակն ապահովող կռվաններից մեկը,  թիրախավորվում է հենց խորհրդարանական ընտրություններից գրեթե անմիջապես առաջ: Ի տարբերություն նախորդների, 2017թ. ընտրություններն առանձնանալու են նրանով, որ բացառվելու են ընտրատարածքներում կիրառվող ավանդական կեղծարարական մեթոդները: Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները հայելային կերպով բացահայտեցին, որ ընտրությունների ելքի վրա հիմնական ազդող ռեսուրսը լինելու է ընտրատեղամասերից դուրս իրականացվող ընտրողների մոբիլիզացիան՝ նրանց սոցիալ-կենցաղային կարիքները բավարարելու դրսևորումներով: Իսկ դա հենց այն ռեսուրսն է, որին տիրապետում են ներկայումս համակարգային փոփոխությունների անիվների տակ հայտնվող շրջանակները: Եվ հիմա հարց է առաջանում՝ նրանք շարունակելո՞ւ են այդ ռեսուրսը տրամադրել կառավարման մերիտոկրատական սկզբունքին անցնելու փորձ անող իշխանությանը, թե՞ ոչ: Չտրամադրելու դեպքում մեծանալու են ՀՀԿ-ի խնդիրները: Եվ շատերի համար հենց սա է հանելուկը. այս մարդկանցից հրաժարվելու դեպքում ինչի՞ վրա են ՀՀԿ-ում հույսը դնելու և արդյո՞ք այս գործընթացը նշանակում է, որ ՀՀԿ-ն իսկապես փորձում է տեղավորվել արդար, հավասար մեկնարկային հնարավորություններով մրցակցության սահմաններում, թե՞, այնուամենայնիվ, այս ամենը ժամանակավոր և հետևաբար իմիտացիոն բնույթ է կրում: Սերժ Սարգսյանը իշխանության հանդեպ վստահության վերականգնման առումով լուջ խաղադրույք է կատարում նոր կառավարության և վարչապետ Կարապետյանի վրա: Դա էր, ըստ էության, կառավարության այսօրվա նիստում նախարարներին ու վարչապետին ուղղված նրա խոսքի ենթատեքստը, հիմնական ուղերձը: Եվ գուցե իսկապես հենց այդ վստահության վերականգնման միջոցո՞վ է Սերժ Սարգսյանը մտածում լրացնել «անցանկալիների» մեկուսացմամբ առաջացող բացը, վակուումը:

Եթե այդպես է, պետք է սպասել ներիշխանական լուրջ խմորումների, որովհետև ամենևին չի բացառվում, որ այս «հեռացող» կոնտինգենտը կփորձի զուտ դժգոհությունից անցում կատարել կազմակերպված դիմադրության, ներքին դեմարշի: Եթե անգամ դա չդրսևորվի քաղաքական նոր միավորում ստեղծելով, միանգամայն հավանական է, որ կդրսևորվի ՀՀԿ-ին մրցակից ուժերին կամ որևէ առանձին վերցրած ուժի բացահայտ կամ թաքուն աջակցություն ցուցաբերելով, իրենց ռեսուրսները նրանց տրամադրության տակ դնելով: Այնպես որ սա ամենևին էլ այդ կոնտինգենտի վերջը չէ: Եվ այդքան հեշտ չէ ազատագրվել նրանց ազդեցությունից, որքան թվում է առաջին հայացքից: Չնայած չի կարելի բացառել, որ նախագահը կարողացել է նրանց համոզել «հանձնվել: Այսինքն՝ ներշնչել, որ ստեղծված իրավիճակում մեկուսացումը լավագույն ելքն է, հակառակ դեպքում իշխանության հետ միասին նրանք ևս կկորցնեն ամեն ինչ:  

Գևորգ Դարբինյան