Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանում ներկայումս ապրող ու աշխատող հայ միգրանտների կարգավիճակին վերաբերող' ՕԵԿ նախագահ, Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ուղարկած նամակի վերաբերյալ ռուսական կողմի հետ արդեն եղել են քննարկումներ: Լրագրողներին Արթուր Բաղդասարյանն այսօր հայտնեց, թե խնդիրը բավականաչափ կարեւոր է, քանի որ խոսքը չի վերաբերվում միայն մեր' պաշտոնապես հայտարարված 170 հազար հայրենակիցների դեպորտի վտանգին, այլեւ այնպիսի դեպքերին, որ այսօր կան մեր իրականության մեջ, երբ ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, իսկ ընտանիքը մնացել է այնտեղ:
Արթուր Բաղդասարյանը հայտնեց, թե ռուսական կողմի հետ համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը վաղն արդեն Մոսկվայում կգումարի իր անդրանիկ նիստը:
«Մենք տրամադրված ենք լավատեսորեն: Ռուսաստանցի մեր գործընկերները հասկանում են խնդրի կարևորությունը մեզ համար: Խոսքը վերաբերում միլիոնավոր մարդկանց, իսկապես: Եթե այսօր խոսվում է, որ 2.5-3 միլիոն մարդ է բնակվում ՌԴ-ում, եթե մենք չկարողանանք փոխընդունելի լուծումներ գտնել, սա, իրոք, շատ լուրջ սոցիալական, տնտեսական, քաղաքական մտահոգություններ է առաջացնում»,- շեշտեց նա:
Լրագրողների դիտարկմանը' ավելի ճիշտ չէ՞, որ իշխանությունները տեղում հարցերը լուծեն, այլ ոչ թե խնդրագիր գրեն ինչ-որ երկրի պաշտոնյայի' հայաստանցուն չարտաքսելու համար, ԱԱԽ քարտուղարը պատասխանեց, թե ոչ մեկը խնդրագիր չի գրել, եւ խոսքը չի վերաբերում այսօր Հայաստանից մեկնողներին, այլ արդեն իսկ այնտեղ ապրող ու աշխատող մարդկանց:
«Ոչ թե մենք խնդրել ենք, թե Հայաստանից գնացող մարդկանց համար նպաստավոր պայմաններ ստեղծեք, այլ ուղղակի ուզում ենք այնտեղ արդեն իսկ ապրող ու աշխատող մարդկանց հարցերը լուծել: Մի խնդիր է, որ Հայաստանում ունենք աշխատատեղերի, սոցիալական ու տնտեսական խնդիրներ եւ պետք է 100 հազար աշխատատեղեր բացենք, ինչը ես ընդունում եմ: Բայց երկրորդ խնդիրը կա, որ այնտեղ մենք ունենք 2 միլիոն մարդ, ու եթե այդ օրենքի գործողությունը շարունակվի մնալ, այդ մարդկանց վիճակն ի՞նչ է լինելու»,- ասաց ՕԵԿ նախագահը:
Լրագրողների հարցին` մտավախություն չկա՞ արդյոք, որ Ռուսաստանից արտաքսված 170 հազար քաղաքացիները կարող են այստեղ սոցիալական բունտ բարձրացնել' միավորվելով տեղի բողոքող զանգվածի հետ, Արթուր Բաղդասարյանը արձագանքեց. «Ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ սոցիալական բո՞ւնտ լինի»:
Նա ասաց, թե հասարակության մեջ ինքը սոցիալական բունտի նախանշաններ չի տեսնում, բայց տեսնում է լուրջ սոցիալական, տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Այդ խնդիրներն աճում են ավելի արագ, քան դրանց լուծումները: Կառավարության մեր գործընկերները պետք է աշխատեն ավելի նախաձեռնող, ավելի արագ, եւ այն բոլոր խնդիրները, որոնք կուտակված են, այդ խնդիրները պետք է լուծենք, որ ժողովուրդը գոհ լինի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: