կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-01 01:20
Քաղաքական

Բո՞ւնտ, թե՞ դժգոհություն

Բո՞ւնտ, թե՞ դժգոհություն

Ընդդիմադիր ուժերի գործն է` ինչպես իրականացնել իրենց քաղաքականությունը. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու իշխանության մարտավարությունը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի ներկայացրած վերջնագրերի ֆոնին` ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունեության մարտավարությունը: Եթե Տիգրան Կարապետյանը ողջուներ իշխանությունների քաղաքականությունը, կլիներ իշխանության մեջ: Փառք Աստծո, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա քաղաքական բազմակարծություն, եւ ընդդիմադիր ուժերի գործն է` ինչպես իրականացնել իրենց քաղաքականությունը: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում ինչ ուղիով գնալ եւ պայքարի ինչ մեթոդներ ընտրել»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, որ վերջնագրում հիշատակված պահանջները չբավարարելու դեպքում Տ. Կարապետյանը պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, Շարմազանովը նշեց, որ արտահերթ ընտրությունների համար ՀՀ-ում որեւէ նախապայման չկա: Նրա խոսքերով` արտահերթ ընտրությունների համար առնվազն երկու պատճառ է հարկավոր` երբ իշխանությունը չի կարողանում կառավարել, այսինքն` վերեւների ճգնաժամ կա, եւ երբ ժողովուրդը գնում է «սոցիալական բունտի»: Իսկ Հայաստանում նման ճգնաժամի նախադրյալներ, Շարմազանովի կարծիքով, չկան: «Հայաստանում կա միայն դժգոհություն: Իշխանությունը նրա համար է, որ մեղմացնի այդ դժգոհությունը, ժողովուրդն էլ նրա համար է, որ 2012-ի կամ 2013-ի ընտրությունների ժամանակ գնա ընտրի. եթե գոհ է` Պողոսին, եթե դժգոհ է` Պետրոսին»,- ասաց Շարմազանովը:

 

ԵՐԿԻՐ-ի մեկ այլ հարցին, թե չե՞ն պատրաստվում, արդյոք, իշխանությունները հաշվի նստել Տ. Կարապետյանի պահանջների հետ, Շարմազանովը պատասխանեց. «Մենք հաշվի ենք նստում Հայաստանի բոլոր քաղաքացիների կարծիքների հետ, մեզ համար բոլոր քաղաքական ուժերի կարծիքները հետաքրքիր են, եւ մենք դրանք բոլորն էլ ուսումնասիրում ենք: Բայց մենք ինքներս ենք որոշում` ինչպես իրականացնել քաղաքականությունը, որովհետեւ դրա համար վստահության մանդատ ունենք, եւ այդ մանդատը մեզ տվել է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը»,- նշեց ՀՀԿ խոսնակը: