Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական լրատվամիջոցները երեկ տեղեկություն են հրապարակել, թե Իրանը և Թուրքիան բանակցում են իրանական գազը Եվրոպա հասցնելու նպատակով նոր գազատար կառուցելու շուրջ: Տեղեկատվության մեջ, իհարկե, որևէ պաշտոնական աղբյուրի հղում չի կատարվում, և չի կարելի բացառել, որ այն ընդամենը թուրքական իշխանությունների կողմից նետված հերթական խայծն է` այդ գաղափարի նկատմամբ Թեհրանի և Եվրոպայի ուշադրությունը գրավելու համար:
Անկարան արդեն տևական ժամանակ է` Թեհրանի հետ անպտուղ բանակցություններ է վարում ներկրվող իրանական գազի գնի իջեցման շուրջ: Թեև դժվար է հավատալ, որ նախքան այդ հարցում համաձայնությունների հանգելը կողմերը կարող են նոր բանակցություններ սկսել, սակայն մեծ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Ինքնին նման տեղեկատվության ի հայտ գալը վկայում է իրանական գազը եվրոպական շուկաներ տեղափոխման տրանզիտի իրավունքը նվաճելու` Թուրքիայի անթաքույց ձգտումների մասին, որոնք աճում են` Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման և Թեհրանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների մեղմացման գործընթացին զուգահեռ: Անցած ամիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անակնկալ այցելեց Իրան, որտեղ որոշվեց ստեղծել թուրք-իրանական համագործակցության բարձրագույն խորհուրդ: Թուրք-իրանական բանակցություններում էներգետիկ ոլորտում համագործակցության խնդիրը եղել է կենտրոնականներից մեկը: Անկարան, այսպիսով, փորձում է ձեռք բերել Իրանի և Եվրոպայի միջև հիմնական կապող օղակի դերակատարումը` առաջին հերթին չկորցնելու համար իր իսկ տարածաշրջանային նշանակությունը թե' մեկի և թե' մյուս համար:
Դրան զուգահեռ մեծանում է նաև Ռուսաստանի հետաքրքրությունը իրանական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Հունվարի վերջերին Իրան էր այցելել ՌԴ արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս «Լուկօյլ» ընկերության տնօրենների խորհրդի ռազմավարության և ներդրումնեևրի հարցերով կոմիտեի նախագահ Իգոր Իվանովը: Թեհրանում ունեցած հանդիպումների ընթացքում, ըստ «Ռեգնում» գործակալությունը, ռուսական կողմը հայտարարել է իրանական էներգետիկ շուկա վերադառնալու մտադրության մասին: Ըստ ձեռք բերված համաձայնության` փետրվարի վերջերին Իրանը պետք է ներկայացնի այն պայմանները, որոնց շրջանակում ռուսական նավթային ընկերությունները կարող են գործել և ներդրումներ կատարել Ռուսաստանի տարածքում: Հաշվի է առնվում Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ներգրավվածության հաջող փորձը, որի շնորհիվ 2013թ. շահագործման հանձնվեց Բուշերի ատոմակայանը: Ռուսաստանի այս ձգտումներն առավել քան հասկանալի են: Իրանական գազի նկատմամբ Եվրոպայի մեծացող հետաքրքրությունը Իրանը դարձնում է Ռուսաստանի ամենաուժեղ մրցակիցը: Խնդիրը ոչ միայն այն է, որ դրա արդյունքում Ռուսաստանը կարող է կորցնել եվրոպական շուկայի մի զգալի մասը և Հին աշխարհամասին գազային տեռորի ենթարկելու հիմնական քաղաքական խաղաթուղթը, այլև այն, որ Իրանը խոստանում է արտահանվող գազի ծավալների մեծացմանը զուգահեռ նվազեցնել դրա գինը, ինչը կարող է ուղղակի կաթվածահար անել Ռուսատսանի` նավթի արտահանման վրա նստած տնտեսությունը: Գործնականում այդ ընթացքը կանխելու միակ ճանապարհը հնարավորինս արագ իրանական գազաարդյունաբերական շուկա ներխուժելն է, գազի արտահանման նկատմամբ ազդեցության որոշակի լծակների ձեռքբերումը: Այս գործիքը Մոսկվան լավ օգտագործեց Թուրքմենստանի և Ղազախստանի հետ հարաբերություններում: Սակայն պարզ է, որ Իրանը ո'չ Ղազախստան է, ո'չ էլ, առեավել ևս, Թուրքմենստան:
Ահա այս առանցքում է, որ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում Հայաստանի համար: Իրանը ցանկանում է մեծացնել Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը էներգետիկ ռեսուրսների տարանցման սխեմաներում: Դեռ անցած տարվա վերջերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է քննարկել Հայաստան առաքվող գազի ծավալները մեծացնելու և սակագնի հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցերը: Փետրվարի 12-ին, Երևանում հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, դեսպան հայտարարեց, որ Թեհրանը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում է իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը և պատրաստ է ընդլայնել երկկողմ ու բազմակողմ գործակցությունը էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում: Օրերս էլ դեսպանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ առաջիկայում նախատեսվում է Իրանի նախագահ Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան:
Ակնհայտ է, որ Իրանը Երևանին առաջարկում է օգտվել Արևմուտքի հետ իր մերձեցման և իր էներգառեսուրսների տարանցման բացվող նոր հնարավորություններից: Դրանում Թեհրանը տեսնում է Թուրքիայի ախորժակը զսպելու և Հարավային Կովկասում ազդեցություն հաստատելու հեռանկար: Սակայն Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրմամբ և «Գազպրոմ» ընկերությանն իր տարածքում բացառիկ իրավունքներ շնորհելով` Հայաստանն, իհարկե, զգալիորեն սահմանափակեց իր այդ հնարավորությունները: Երևանը չի կարող որևէ այնպիսի քայլ կատարել, որը «Գազպրոմը» (հասկանալ` Ռուսաստանը) կհամարի իր շահերին հակասող: Պարզ է, որ Հայաստանով իրանական գազի տարանցման հնարավորությունը հենց այդ խոչընդոտներից մեկն է ընկալվում: Ըստ էության` Հայաստանին այդ կապիտուլյացիոն պայմանագրերը Մոսկվան պարտադրեց հենց Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը չեզոքացնելու համար: Բայց հաշվի առնելով իրանական էներգառեսուրսների արդյունահանման ոլորտ ներխուժելու` Ռուսաստանի քաղաքական հավակնությունները` Հայաստանը կարող է օգտվել այդ հնարավորությունից: Հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ թեկուզ «Գազպրոմ» -ի սեփականությունը դարձած «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանը որևէ ձևաչափով ընդգրկվի իրանական գազի տարանցման նոր նախագծերում: Ըստ ամենայնի`սա միջանկյալ ու ընդունելի լուծում կարող է լինել նաև Մոսկվայի համար: Ողջ հարցն այն է` արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կհամարձակվի բավարար նախաձեռնողականություն ցուցաբերել այս հարցում: Առայժմ Երևանն ուղղակի հանցավոր անտարբերությամբ է հետևում իր շուրջը տեղի ունեցող շրջադարձային պրոցեսներին: Բայց դա արդեն կարող է ճակատագրական լինել: Եթե այս հարցում պաշտոնական Երևանը շարունակի իր ներկայիս անատամ քաղաքականությունը, ապա վերջնականապես կապացուցի իր ազգային ու պետական շահերից օտարված լինելու իրողությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ