Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. փետրվարին ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու: Պարզապես կայանալու է Սերժ Սարգսյանի կողմից ինքն իրեն նախագահ նշանակելու հրապարակային արարողություն: Դրա հիմնական պատճառն այն է, որ քաղաքական կուսակցությունները կորցրեցին քաղաքական որոշումներ կայացնելու, պրոցեսներ նախաձեռնելու իրենց հիմնական գործառույթը` դա թողնելով հիմնականում երեք խոշոր խաղացողներին` երեք նախագահներին, և նրանցից շատերը սկսեցին սպասարկել վերջիններիս շահերը:
Քաղաքական կոնֆիգուրացիաները տեղի էին ունենում այս եռանկյունու կողմերի հարաբերությունների մակընթացություններին ու տեղատվություններին համահունչ: Քաղաքականությունն իջավ մանր ինտրիգների, կուլիսային գործարքների մակարդակի և փաստացի կորցրեց իր պահանջարկը թե' հասարակության, թե' անգամ բուն քաղաքական ուժերի համար: Գաղափարականությունը և գաղափարակրությունն այլևս ոչ մի արժեք չէին կարող ունենալ և չէին կարող ազդել թե' միջավայրի և թե' գործընթացների վրա: Քաղաքական ուժերի այս ամենակարևոր որակական հատկանիշը կորցրեց նշանակությունը և արդիականությունը:
Ներկայումս քաղաքական դաշտում առաջացած վակուումն այս եռանկյունու ստեղծած ստատուս քվոյի փլուզման հետևանք է: Հիմնական որոշումներ կայացնողների` խաղից դուրս գալը քաղաքական դաշտի մի հսկայական տիրույթի կանգնեցրեց փաստի առաջ: Ե'վ նրանք, որոնք ուղղակի կախվածություն ունեին այդ կենտոններից, և' մյուսները փաստացի չէին կարող հասցնել արագ վերագտնել իրենց տեղը ու իրավիճակից դուրս գալու արագ ու ռացիոնալ ելքեր գտնել: Ահա սա է հիմա դառնում գործող նախագահի հիմնական հաղթաթուղթը: Այս ամենի արդյունքում քաղաքական դաշտը տանուլ տվեց քաղաքացիական դաշտին և քաղաքացիական գիտակցությանը:
Անցնող երեք-չորս տարիներին և հատկապես` 2012-ին քաղաքացիական միջավայրը թե' ինքնակազմակերպման և' թե ընդհուպ քաղաքականության վրա ազդելու առումով ունեցավ աննախադեպ լուրջ ձեռքբերումներ: Մի կողմից քաղաքական միջավայրի նման քայքայումը, փաստորեն, հանգեցրեց հասարակական-քաղաքացիական դաշտի ձևավորման նախադրյալների ստեղծմանը, իսկ մյուս կողմից` կորսվեց այդ ձեռքբերումները քաղաքական մակարդակում գեներացնելու, քաղաքական պահանջարկի և օրակարգի վերածելու հնարավորությունը: Նախագահական ընտրություններից հետո հիմնական հարցը լինելու է այն, թե արդյոք վերջնականապես կկտրվի՞ քաղաքացիական և քաղաքական հարթությունների միջև անհրաժեշտ առանցքը, թե՞ նոր որակի քաղաքականություն ստեղծելու և այն քաղաքացիական այս ակտիվացող ու դինամիկ շարժման համար հենասյուն դառնալու հրամայականը կհաղթի: Եթե դա տեղի չունենա, քաղաքացիական գիտակցության ներկայիս վերելքի պրոցեսը անխուսափելիորեն կանգ է առնելու որոշակի մակարդակի վրա, որովհետև այն չի ունենալու պետական կառավարման և իշխանության վարքագծի վրա ազդելու իրավական այն լծակերը, որոնք կարող է ապահովել քաղաքական համակարգը:
Այս իմաստով կարևոր ջրբաժանի առջև է հայտնվել նաև անձամբ Սերժ Սարգսյանը: Ընտրություններում մրցակցության փաստացի բացակայությունը նրան հնարավորություն է տալիս վերընտրության օպերացիան կատարել առանց տոտալ ընտրախախտումների վրա հենվելու` այսինքն` ապավինելով սեփական քաղաքական ռեսուրսներին: Եթե նկատի ունենանք Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումները` նախորդ խորհրդարանական ընտրություններից ավելի լավ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ, նա, ըստ էության, այլընտրանք էլ չունի, թեև դժվար է ասել` որքանով է այդ գիտակցումն առկա իշխանության ներսում: Եթե դա որևէ նշանակություն ունենա, ապա Սերժ Սարգսյանը պետք է որ առանձնապես թաղային հեղինակությունների, օլիգարխների, քրեական տարրերի, վարչական հսկայական ռեսուրսները գերկենտրոնացնելու անհրաժեշտություն չունենա` փորձելով շեշտադրումները կատարել քաղաքական տեխնոլոգիաների վրա: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել թե' տնտեսա-քաղաքական, թե' հասակական ու քաղաքացիական հարաբերություններն ապականող ու բռնաբարող այս տարրերից ունեցած` անձամբ իր և պետական իշխանության կախվածությունը թուլացնելու նպատակին: Դրա համար նրան պետք է նոր հենման կետ գտնել հենց հասարակական, քաղաքացիական հարթությունում, որի ազդակները, սակայն, նկատելի չեն: Եթե այս բեկումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա օլիգարխիայի ազդեցությունը քաղաքական և տնտեսական համակարգերի վրա կարող է էականորեն նվազել` տեղը զիջելով միջին խավի հետաքրքրություններին ու նշանակությանը:
Իսկ եթե նախագահը, այնուամենայնիվ, շարունակելով նույն քաղաքական գիծը, ձգտի ոչ թե ազատվել, այլ ընդամենն իր համար ավելի կառավարելի դարձնել այս շրջանակները, ապա պետք է սպասել, որ քաղաքական դաշտը դեռ երկար ժամանակ հնարավորություն չի ունենալու վերականգնվել այս նոկդաունից և վերածվելու իրական գործոնի: Հետևաբար` հանգամանքների բերումով ստեղծվել է մի վիճակ, երբ ամեն ինչ բառացիորեն կախված է Սերժ Սարգսյանի ընտրությունից: Հիմնական խոչընդոտը մրցակցության մթնոլորտից նրա վախենալն է կամ գուցել համառորեն խուսափելը, որն էլ մինչև այս պահը թելադրել է ամեն ինչ իր շուրջը ամայացնելու, պոտենցիալ մրցակիցներին քաղաքականապես չեզոքացնելու գործելաոճը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ