կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-26 19:41
Առանց Կատեգորիա

Էրդողանը` անցանկալի անձ ԱՄՆ-ում. թուրքական ցինիզմի տված շանսը

Էրդողանը` անցանկալի անձ ԱՄՆ-ում. թուրքական ցինիզմի տված շանսը

Թուրքական իշխանությունները կարծես չեն մարսում նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի վերջին սանձարձակ, խուլիգանական «հյուրախաղերն» ԱՄՆ-ում: Առաջին օրերի լռությունից հետո նաև հայկական կազմակերպությունների դրդմամբ Վաշինգոնից սկսեցին կիսապաշտոնական մակարդակով գնահատականներ հնչեցվել մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այդ երկրի նախագահի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա վերջինիս թիկնազորի առաջնորությամբ իրականացված վայրենի, արյունալի հարձակմանը:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», նախօրեին Էրդողանի հրահանգով իրականացված այդ բռնությունների վերաբերյալ լսումներ են կազմակերպվել ԱՄՆ Կոնգրեսում, որի ընթացքում Թուրքիայի և անձամբ Էրդողանի հասցեին հնչել է չափազանց սուր քննադատություն: Մասնավորապես կոնգրեսական  Դեյնա Ռորաբահերը հայտարարել է, թե Էրդողանի նման մարդիկ ԱՄՆ-ում այլևս անելիք չունեն: «Մենք չենք ցանկանում խոսել ﬕ մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամաֆաշիզմ սեփական երկրում»,-ասել է նա: Կոնգրեսականներն ընդգծել են, որ թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները խախտել են ԱՄՆ տարածքում նրա ժողովրդի սահմանադրական իրավունքները: Դա որակելով ԱՄՆ ինքնիշխանության դեմ հարձակում՝ նրանք պահանջել են Անկարայի հետ չքննարկել Թուրքիային հետաքրքրող որևէ հարց, մինչև Էրդողանը կամ պաշտոնական Անկարան ներողություն չխնդրեն կատարվածի համար:

Կոնգրեսում նման քննարկումներն էական են՝ նմանատիպ դրսևորումների դեմ հանրային անհանդուրժողականություն դրսևորելու և արձանագրված հարցագործությունն անարձագանք չթողնելու առումով: Բայց սա ԱՄՆ-ի դիրքորոշման ձևակերպման իմաստով փոքր էֆեկտ ունի: Նախ՝ քննարկումները տեղի են ունենում լսումների ձևաչափով, որը լայն հանրային ռեզոնանս սովորաբար չի հարուցում: Եվ երկրորդ՝  ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը ոչ թե կոնգրեսը կամ Սենատն են  ձևակերպում, այլ Սպիտակ Տունը և կառավարությունը: Իսկ վերջիններս գոնե առայժմ առավելապես զբաղված են այդ դիրքորոշումը լղոզելով: Առայժմ միակ բանը, որն արվել է գործադիր իշխանության մակարդակով, եղել է մայիսի 21-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին Սերդար Քըլըչըին Պետդեպարտամենտ հրավիրելը և կատարվածի առիթով մտահոգություն փոխանցելը: Խնդրին հպանցիկ անդրադաձել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: FOX հեռուստաընկերության հետ զրույցում այն ընդգծմանը, որ թիկնապահների մասնակցությամբ ցուցարարներին ծեծի ենթարկելը եղել է Էրդողանի ներկայությամբ, Թիլերսոնն նախ հիշեցրել է Թուրքիայի դեսպանին պետդեպարտամենտ հրավիրելը և ապա ընդամենը հավելել, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում, և իրենք սպասում են դրա արդյունքներին:

Քննության անցկացման մասին հիշատակումը մի իրավիճակում, երբ բռնություններին անվտանգության աշխատակիցների մասնակցությունն արձանագրվել է ԱՄՆ իրավապահների կողմից նրանցից երկուսի ձերբակալմամբ, ապա դիվանագիտական անձեռմխելիության պատճառով ազատ արձակմամբ, ավելի շատ հիշեցնում է հանրային ուշադրության նվազման հույսով խնդիրը անորոշ ապագային թողնելու մարտավարություն: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ ամերիկյան իշխանությունները չեն ցանկանում այդ միջադեպին հատուկ սրություն հաղորդել: Բայց սա ավելի է ոգևորում Անկարային: Նույն օրը, երբ ԱՄՆ-ում իրենց դեսպանը կանչվել էր պետդեպարտամենտ, Անկարայում Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրում ԱՄՆ դեսպանը: «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին, տեղեկացրել էր, որ դեսպանին դժգոհություն է հայտնվել Վաշինգտոնի թուրքական դեսպանատան անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ անվտանգության ծառայության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ: Այն, իբր, դրսևորվել է Էրդողանին ուղեկցող անվտանգության ծառայողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքով: ԱԳՆ-ում դեսպանից պահանջել են այդ կապակցությամբ հետաքննություն իրականացնել և իրենց բացատրություն ներկայացնել:

Վաշինգտոնի մեղմ արձագանքն առանձնապես չի անհանգստացրել Անկարային, և վերջինս կատարվածի համար բացարձակապես չի զղջում: Հակառակը, իրեն թույլ է տալիս անհեթե պահանջներ առաջադրել՝ ԱՄՆ-ի և նրա ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը նոր մակարդակի հասցնելով:

ԱՄՆ-ում հավանաբար չեն ցանկանում սրել Թուրքիայի հետ առանց այն էլ չափազանց լարված հարաբերությունները: Խնդիրն այն է, որ Էրդողանի այդ այցը ԱՄՆ ոչ թե հանգեցրեց երկու դաշնակից երկրների միջև առաջացած կնճիռները հարթելուն, այլ ավելի խորացրեց դրանք: ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա, վերջինիս հետ մոտ 360 մլրդ դոլարի սպառազինման գործարքի կնքումը, մուսուլմանական երկրների հետ ֆորումի անցկացումն ընդգծված դեմարշ էր Թուրքիայի դեմ: ԱՄՆ-ն չի համակերպվում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի հետ սերտորեն համագործակցելու, քրդական հարցում անհանդուրժողականությունից չհրաժարվելու Թուրքիայի քաղաքականությունը, որը հղի է Մերձավոր Արևելքում չափազանց հեռուն տանող նոր վերադասավորումներով՝ ընդհուպ Թուրքիայի ամբողջականության թիրախավորմամբ:

Այս համատեքստում որքան էլ մայիսի 16-ի միջադեպը քաղաքական լուրջ հետևանքներ չի ենթադրում, սակայն դրա նկատմամբ Վաշինգտոնի հստակ կոշտ դիրքորոշման պահանջն օրակարգում պահելը մասնավորապես հայկական կազմակերպությունների համար միջոց է հայկական հարցերի առաջմղման խթան դարձնելու ճանապարհին: Թուրք-ամերիկյան խաթարված, վստահության ճգնաժամ ապրող հարաբերությունները, հատկապես ամերիկացի ժողովրդի արժանապատվությունն Էրդողանի և նրա թիկնազորի կողմից վիրավորելու այս դեպքի ֆոնին, Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման նոր գործընթաց սկսելու և նախորդների համեմատ ավելի մեծ արդյունքի հասնելու պայմաններ են ստեղծում: Ենթադրելի է, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի մասնակցությամբ այդ միջադեպի շուրջ Կոնգրեսում տրամադրություններ գեներացնելու նախաձեռնությունները նաև այդ հեռահար նպատակն ունեն:

Գևորգ Դարբինյան