կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 19:56
Հասարակություն

«… Նա Արցախյան պայքարն իր ուսերին էր տանում». Արամ Պողոսյանն այսօր կդառնար 50 տարեկան

ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանն այսօր կդառնար 50 տարեկան։ Հարազատներն ու ընկերները ծաղիկներ խոնարհեցին շիրիմին, խնկարկեցին ու կրկին առիթը բաց չթողեցին մտաբերելու ընկերոջ սխրանքների մասին. հուշեր, ապրումներ, նաև Արամ Պողոսյանին հատուկ հումորով համեմված բազմաթիվ պատմություններ։

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերները փաստեցին, որ Արամ Պողոսյանի նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը և գաղափարական կերտվածքը չէին կարող անտարբեր թողնել նրան  Արցախյան շարժման օրերին: Նրանց վկայությամբ՝ Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթոնք, կորցրածը հետ բերելու, պատմությունը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի:

1989 թվականից Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Սիմոն Աչիքգոզյանի և այլոց հետ մեկնել է Շահումյան: Մասնակցել է Գետաշենի համար մղվող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանությանը: 1991-1994 թթ. ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Ասկերանի, Շուշիի շրջանների ինքնապաշտպանական մարտերին և Խոջալուի ազատագրմանը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մարտական ընկերները պատմում են, որ Արամը ծիծաղում ու կատակում էր անգամ ամենանեղ պահին. նրան ամենաբնորոշողը կենսուրախությունն էր: 

«Նրա երկրորդ բառը հումոր էր: Քչախոս էր, բայց հումորն ու կատակն անբաժան էր նրանից»,- այսպես բնորոշեց դասընկերոջը Վարդան Կարապետյանն ու մտաբերեց. «Անգամ դասընկերներով ձկան օր էինք որոշել, հինգշաբթի օր էր, իրենց տանը մեծ կարմրախայտ ձկներ էինք գնել, անձամբ մշակեց եւ իրեն հատուկ հումորով ասաց. «Հսկա ձկանն այն օրը գցեցի, որ ոչխարի պես էր գոռում»։

Ըստ դասընկերոջ Արամը շատ կիսատ թողած գործեր ուներ. «Այսօր կդառնար 50 տարեկան, բայց այնքան բան ուներ ասելու, անելու իր ընկերների, իր ընտանիքի համար։ Այսօր Արամի պակասը շատ ենք զգում»,- եզրափակեց Վ. Կարապետյանը շեշտելով, որ Արամի մարտական սխրանքների մասին հետո են իմացել։

Իսկ մանկության, ապա նաեւ մարտական ընկերը՝ Սարգիս Աղաջանյանը, փաստեց. «Արամը Արցախյան պայքարն իր ուսերին էր տանում։ Ազատամարտի, պայքարի առաջնորդողներից էր, և նրա հետեւից էինք մենք գնում։ Նրա դաստիարակչական լավագույն մեթոդն իր անձնական օրինակն էր. եթե ասում էր, որ պետք է լինել կարգապահ, ուրեմն՝ ամենակարգապահը ինքն էր, եթե ասում էր, որ պետք է լինել մարտունակ՝ ամենամարտունակն ինքն էր, եթե ասում էր համարձակ՝ ամենահամարձակն ինքն էր։ Նա միշտ մեր կողքին էր ամեն տեղ, թե՛ մարտի դաշտում, թե՛ Երևանում»։

Ըստ Ս. Աղաջանյանի՝ մարտական ընկերոջ կարեւոր հատկանիշներից մեկը ընկերասիրությունն էր, ուստի չէր սիրում, որ իր ընկերը խեղճ էր լինում. «Արամը տանել չէր կարողանում խեղճ մարդու, նա խեղճ ընկեր պետք է չունենար, ափերից դուրս էր գալիս, երբ իր ընկերներից մեկը մի քիչ խեղճ էր լինում»։

Արամի խստապահանջությունն ու կարգապահությունը բաժին է հասել նաեւ եղբորն ու ծնողներին. «Շատ խստապահանջ էր, թե՛ իմ նկատմամբ եւ թե՛ ծնողներիս»,- մեզ հետ զրույցում պատմեց եղբայրը՝ Խաչատուր Պողոսյանը, ապա շարունակեց. «Արամի համար  ամեն ինչ իր ժամանակին պիտի լիներ։ Նրա թե՛ մարտական, թե՛ ուսանողական, եւ թե՛ դպրոցական  ընկերները լավ գիտեն նրա այդ խստապահանջությունը, բայց եւ միշտ սիրել է ընկերների հետ հավասար լինել: Իր աշխատասենյակի դուռը միշտ բաց էր եւ  միշտ ծիծաղի ձայն էր հնչում այնտեղից։ Ներս մտնելիս կատակով միշտ դուռը թակում էի, ասելով՝ կարելի է՞…»։

Թեպետ Խաչատուրը եղբոր մարտական սխրանքների մասին իմացել է ընկերական հավաքույթների ու խնջույքների ժամանակ լսած զրույցներից, բայց, եղբորը ճանաչելով՝ փաստում է. «Եթե այսօր նա ողջ լիներ՝ Արցախի հարցում կրկին անտարբեր չէր լինի, ամեն ինչ մի կողմ կդներ ու կմեկներ առաջին ճակատ»։

Մանրամասները տեսանյութում.