Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն: «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն: «Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»: