կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 13:40
Տնտեսական

Աջակցեք հարկերի հավաքմանը. վարչապետը դիմել է նախարարներին

Աջակցեք հարկերի հավաքմանը. վարչապետը դիմել է նախարարներին

«2010-2011 թվականներին մենք էապես բարելավել ենք հարկային օրենսդրությունը, եւ հիմա մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շեշտելով, որ հարկերի հավաքումը միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։

«Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար»,- ընդգծեց նա`բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ։

«Առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է»,- նշեց վարչապետը` նախարարներին կոչ անելով ներկայացնել հաշվետվություն, թե Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ինչպես են պատրաստվում ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները։