կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 13:20
Տնտեսական

Մեր ներկայացրած առաջարկները մերժել էին, բայց այժմ նույնն իրենք են ներկայացրել. Մելքումյանը` Հարկային օրենսգրքի մասին

Մեր ներկայացրած առաջարկները մերժել էին, բայց այժմ նույնն իրենք են ներկայացրել. Մելքումյանը` Հարկային օրենսգրքի մասին

Կոնցեպտուալ առումով` սա Հարկային օրենսգրքի արմատական փոփոխություններ չենք համարում. Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում, պատասխանեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա` քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների այն տեսակետը, թե հաջորդ փուլերում օրենսգիրքն առավել արմատական փոփոխությունների կենթարկվի, խոցելի մոտեցում է ներդրողի և բիզնեսի համար: «Նրանց կողմից դա ոչ ադեկվատ արձագանք եմ համարում, որովհետև մարդիկ ներդրում չեն անի, կսպասեն արմատական փոփոխություններին, որպեսզի, ըստ այդմ, որոշեն իրենց քաղաքականությունը»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ նրա` 640 հազար մարդ եկամտային հարկ է վճարում, որոնցից շուրջ 400 հազարը մինչև 150 հազար ամսական աշխատավարձ ստացողներն են: «Դա ենթադրում է, որ 23 տոկոս ընդհանուր հարկումը նրանց չի վերաբերելու: Մյուս կողմից էլ` շատ եկամուտ ստացողները հիմնական միջոցները` բուժման և այլնի համար, կազմակերպում են հանրապետությունից դուրս: Դա նշանակում է, որ մենք խրախուսում ենք, որ այդ փողերը դուրս գան երկրից, բայց առանց այդ էլ դեֆիցիտ կա: Երկրորդ` բյուջեն չի ստանա այն միջոցները, որոնք պետք է ստանար, ու դրանով է պայմանավորված, որ որոշել են ակցիզային հարկով հարկել տարբեր ապրանքատեսակներ, ինչը սպառման կրճատման է հանգեցնելու: Այսինքն` եթե բալանսը պահել չենք կարողանում, պետք է կարողանանք ներդրումների հետ ճիշտ աշխատել, քչացնել հարկերի սպառումը: Հիմա բյուջեն է տուժել քիչ եկամտահարկ վճարելու ու քիչ սպառելու հետևանքով, իսկ դա նորմալ չէ, բալանսը ճիշտ պահված չէ»,- պարզաբանեց Մելքումյանը:

Yerkir.am-ի մյուս հարցին` իրենց առաջարկություններն ու նկատողությունները տեղ գտե՞լ են նախագծում, նա նախ պատասխանեց, որ ինքը հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, բայց որոշակի առաջարկություններ արել է:

«Խնդիրը մեկ-երկու առաջարկ անելու մեջ չէ, խնդիրը համակարգային մոտեցման մեջ է: Դուք ասում եք՝ առաջարկները տեղ չեն գտել, բայց ես խնդիրների մասին բազմիցս ասել եմ՝ անցյալ տարի երկու անգամ շրջանառության հարկի` 115 մլն դրամի շեմ պահպանելու մասով առաջարկ էինք արել, որ մերժել էին, հիմա նույնը բերում են: Ըստ էության` արդյունավետ որոշում կայացնելու խնդիր կա կառավարման համակարգում, ու եթե մի քանի ամիս հետո նույն բանը պետք է բերես, ապա ինչո՞ւ ես մերժում դա, որպեսզի ընդամենը ակցիզնե՞րը բարձրացնես: Իսկ ակցիզների բարձրացնելը հանգեցնելու է սպառման կրճատման. երբ գները բարձրանում են, սպառումը կրճատվում է: Իսկ ո՞վ է դրանից ամենաշատը տուժելու, բնականաբար` ավելի քիչ եկամուտներ ունեցող»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: