Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նրա կարծիքով՝ նախարարության անվանումներով չէ, որ պետք է սպասել արդյունավետություն, սակայն դա կառավարության գործն է:
«Եթե նախարարության անվան մեջ կա «ներդրումներ», դա չի նշանակում, որ ներդրումները կհոսեն, բայց գուցե կառավարությունը ծրագիր ունի, սպասենք, տեսնենք` ինչ ծրագիր է բերելու»,- ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանի կարծիքով՝ բոլոր խնդիրները քաղաքական են, օրինակ` Հայաստանում ներդրված գումարը անվտա՞նգ է, թե՞ ոչ, խաղի կանոնները բոլորի համա՞ր են, թե՞ ոչ: Կառավարության ղեկավարներն անընդհատ խոսում են քաղաքական կամքի մասին, բայց որևէ փոփոխություն չի լինում:
«Այդ նույն մենաշնորհի դեմ պայքարի մասին պետք չէր հայտարարել, որ հետո չանեին: Ես չեմ անձնավորում, բայց ով էլ ինչ-որ բան հայտարարում է, հետո պայման չի լինում, որ դա անի: Ինձ հարցնում են, թե ի՞նչ ակնկալիքներ ունեմ նոր կառավարությունից: Ես էլ ասում եմ՝ նայած, թե ինչ են պայմանավորվել նախագահի հետ, ինչ լիազորություն է ռեալ վերապահված վարչապետին»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը փոխնախարար է աշխատել ժամանակին և գիտի, որ նախարարին այնպիսի լիազորություններ չեն վերապահված, որ նա իր ոլորտում հեղաշրջում անի, զարգացնի: «Վերևի քաղաքական որոշումներից է բխում ամեն ինչը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ «վերևի քաղաքական որոշումները» այդպես էլ չեն կայացվում, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Գուցե ռիսկեր կան, որ ցնցումներ կլինեն»:
Նա նորմալ է համարում, որ վարչապետը փոխում է նախարարներին: Ըստ նրա`փոփոխությունների երկու տարբերակ կար՝ քաղաքական, երբ կուսակցականների պետք է նշանակեր, և անձնավորված, երբ ընտրում են պրոֆեսիոնալների:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Վիգեն Սարգսյանը կարող է նշանակվել պաշտպանության նախարար, Միքայել Մելքումյանի կարծիքով` Վիգեն Սարգսյանը ժամանակին պաշտպանության նախարարի օգնական է աշխատել, և եթե որոշում կա, որ պաշտպանության նախարարի պաշտոնում ոչ թե բարձրաստիճան զինվորական պետք է լինի, այլ քաղաքական անձ, ուրեմն այդ թեկնածուին նորմալ է վերաբերվում: