Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է աղմկահարույց ազգային բրենդի վերաբերյալ հարցերին:Նա նշեց, որ մանրամասն ուսումնասիրություններ դրա հետ կապված ներկայումս ընթանում են:
«Այս պահին ընդամենը թույլ տվեք ասել, որ հարցը բարձրացված է եղել դեռ 2008թ-ին, որի նպատակը Հայաստանի միջազգային հեղինակությանն ուղղված ստրատեգիայի մշակումն էր ու ազգային բրենդի ստեղծումը: Պետբյուջեից հատկացված է եղել 62 միլիոն դրամ, մնացածը դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերվող օգնությունն է: Վճարումը ամբողջ ծավալով չի իրականացվել, քանի որ 5 կետից 2-ի մասին է խոսքը գնում: Որևէ մտահոգություն, անհանգստություն, թե կառավարությունը կարող է ընդունել մի բրենդ,առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, նման բան չի կարող լինել: Հանգիստ եղեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարն անդրադարձավ նաև այդ բրենդի կարգախոսին` «Պատմությունը դեռ նոր է սկսվում», ասելով, որ այն չի արտահայտում այն, ինչի մասին կարծիք կարող է ձևավորվել: «Այն Հայաստանի պատմության հետ կապ չունի, և այս կարգախոսի հիմնական նպատակը ուղղված է եղել այն անձանց, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում, և կոչ է արվում, որ նրանք գան Հայաստան ու կերտեն իրենց պատմությունը: Բացատրությունը սա է, և այստեղ խնդիրներ կան: Ահա ինչու քննարկումներ են ընթանում, և արդյունքները կհրապարակվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ պարտադիր չէ, որ Հայաստանը ունենա ազգային բրենդ բոլոր ուղություններով, կարող են լինել ոլորտային բրենդներ` տուրիզմ, արդյունաբերություն և այլն: