կարևոր
7876 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 18:05
Քաղաքական

Տիկին Պալյանին ավելի շատ հուզում է վարչապետի ընտանիքի վերաբերյալ հանրության կարծիքը, քան 120 արցախահայերի շրջափակումը․ Արմենուհի Կյուրեղյան

Երեկ, 27.02.2023թ-ին հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ավագանի Մամիկոն Ասլանյանի գործով դատը:  Զավեշտն այն է, որ արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, և երեկ  դատարանը նոր որոշել է հրավիրել փորձագետ՝ ուսումնասիրելու  համար Վանաձոր քաղաքի  հատակագիծը, ինչը հանդիսանում է ներկայացված մեղադրանքի հիմնավորման փաստաթղթերից մեկը: Երեկվա դատավարական ընթացքը ցույց տվեց նաև, որ դեռ վկաները  չեն հարցաքննվել, դեռ երկար ժամանակ  կպահանջվի վերջնական վճիռ կայացնելու համար: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու կապակցությամբ նորից մերժվեց: Փաստորեն Մամիկոն Ասլանյանը դեռ կմնա կալանքի տակ, և չի կարող մասնակցել ավագանու նիստերին, իսկ թե երբ կկայանա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ, նույնպես խիստ հարցական է, և երեկվա դատավարական ընթացքը ավելորդ անգամ ապացուցեց, որ  այս իշխանությունները ուզում են, ինչքան հնարավոր է, հետաձգել այդ նիստի օրը, քանի դեռ համոզված չեն, որ Մամիկոն Ասլանյանը չի ընտրվի համայնքի ղեկավար:

Իշխանության այդ վախերն, իհարկե, տեղին են, քանի որ, տեսեք.

Եթե դատարանը վերջնական դատավճիռ կայացնի Մամիկոն Ասլանյանի գործի վերաբերյալ, ապա հստակ կլինի հետևյալը.

Կամ նա ազատ կարձակվի և իր հետ ավագանի կբերի 17-րդ ընդդիմադիր մանդատը,

Կամ նրան կճանաչեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված  անձ և 17-րդ ընդդիմադիր մանդատը կստանա ցուցակում հաջորդ թեկնածուն:

Երկու դեպքում էլ կստացվի 17 ընդդիմադիր, 16 ոչ ընդդիմադիր հարաբերություն: Հենց սա էլ վախեցնում է իշխանություններին և հետևաբար իրենք ամեն ինչ անում են դատավճիռի կայացումը հետաձգելու համար:

Նրանք հենց Վանաձորի համար փոխեցին օրենք և վարչապետին տվեցին համայնքի պաշտոնակատար նշանակելու լիազորություն, որը խիստ հակասում է տեղական ինքնակառավարման գաղափարին:

Նրանք չեն ուզում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրել մինչև վճիռը, որովհետև այդ պարագայում սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Մամիկոն Ասլանյանը իրավունք ունի իրացնելու ընտրելու և ընտրվելու իր սահմանադրական իրավունքը»,- ասաց նա:

Պատգամավորը խոսքն ուղղելով վանաձորցիներին ասաց, որ ինքը համոզված է, որ ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը, այսօրվա ավագանու կազմում ընդգրկված կուսակցությունների դիրքորոշումները, խոստումների և իրական գործունեության հակասությունները, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և բոլորին  քաջ հայտնի հատուկ հանձնարարություններով  դեսպանի դերը հայրենի քաղաքում այս հակաժողովրդավարական խառնաշփոթը ստեղծելու  հարցում և այդ գնահատականը կարտահայտեք առաջիկա ՏԻՄ արտահերթ կամ հերթական ընտրություների ժամանակ․

«Իսկ հիմա, նաև անդրադարձ տ-ն Պալյանի ելույթին: Փաստորեն ստացվում է, որ տիկին Պալյանին ավելի շատ հուզում է ձեր վարչապետի ընտանիքի վերաբերյալ հանրության իրական կարծիքը, քան 120 արցախահայերի շրջափակում, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժումը:

Դե ինչ, ամեն ինչ դուք ասացիք»,- ասաց նա: