Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետական համակարգում գողությունը պետք է վերանա. այս և այլ թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:
Ըստ Սահակյանի, իրենք պետական համակարգի չարաշահումների մասին միշտ էլ խոսել են, և որ թիկունքից արված գողությունը վիրավորական է: «Չարաշահումների մասին մենք միշտ էլ խոսել ենք, բոլոր վարչապետերը, բոլոր կառավարությունները խոսել են: Վարչապետի ասածը վերաբերում է հենց այդ չարաշահումներին»,- նշեց Սահակյանը` հավելելով, որ գողություն կատարողները պետք է ամաչեն` ինչի մասին եւ խոսում էր վարչապետը:
Սահակյանի խոսքով, Կարապետյանը խնդրել է մեխանիզմներ ընդունել, որպեսզի փոքր կամ մեծ չարաշահումներ, գողություններ մարդիկ, պաշտոնյաներն ի վիճակի չլինեն իրականացնելու: «Պետք է այդ պաշտոնյաները իրենց մտածելակերպը փոխեն, որպեսզի որոշակի բաներ փոխենք: Նաև բոլորս պետք է հետևողական լինենք, եթե նման բան նկատենք, անպայման բարձրաձայնենք, և վստահ եմ, որ արձագանքը կստանանք»,- նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վարչապետի կատարած կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությանը, Սահակյանը նշեց, որ այս կառուցվածքային փոփոխությունները վերջնական ու ամբողջական չեն, պետք է սպասել կառավարության ծրագրին: «Եթե մենք խոսենք միայն նախարարությունների անվանափոխումների մասին, ապա չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում խնդիրները դրա մեջ են եղել: Պետք է սպասենք կառավարության ծրագրին: Այդ փոփոխությունների հիմնական տրամաբանությունը երևալու է կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո: Այս պահին, եթե նայում ենք որպես անվանափոխություն, իհարկե, դա կարող է մեզ բան չհուշել»,- նշեց Սահակյանը:
Պատգամավորի խոսքով ինքն անձնապես սպասում է և մեծ ուշադրությամբ հետևում, թե կառավարության ծրագիրը երբ կներկայացնեն և ինչպիսի տեսլական, պատկերացում, հայեցակարգային մոտեցումներ, խաղի կանոններ կունենա այս կառավարությունը, որից հետո կարելի կլինի ծրագիրը պրոեկտել կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ:
Ըստ Սահակյանի` վարչապետը նշանակվելուց հետո պետք է ներկայացնի կառավարության կազմ և նոր միայն ծրագիր: «Կառավարությունը ձևավորելիս վարչապետը նաև կառուցվածքային փոփոխություն պետք է ներկայացնի, թե ինչ թիմով է այդ ծրագիրը կազմում և տանում առաջ: Սա Սահմանադրության պահանջն է»,- ասաց նա` հավելելով` կառավարության կառուցվածքային մի շարք փոփոխություններից հետո մենք արդեն իսկ կունենանք կառավարության ծրագիրը, ինչից հետո նոր կարող ենք ամբողջական պատկերացում ունենալ և գնահատել այս փոփոխությունների շարքը: