կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 12:38
Առանց Կատեգորիա

Թիկունքից փչող սառնություն

Թիկունքից փչող սառնություն

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Արածիդ անհեթեթության նողկալի զգացողությունը, համակարգչի կամ սպիտակ թղթի առջև նստել չկարողանալու լացացնող անզորությունը, գործադրած ջան­քե­րիդ անիմաստության խեղդող տրտմությունը եղել են, եղել են, եղել են, բայց չեն սպա­նել, տղե՛րք, որովհետև այդպիսի պահերին թիկունքներիդ փչող սառնությունը ու­րիշ տեղերից է փչել, որովհետև դրան զուգահեռ տաք շնչի ներկայությունն եք զգացել, որից գուցե չեք տաքացել, բայց վերջնականապես չեք էլ սառել, տղե՛րք:

 

Մեր դարձդարձիկ ժամանակների' ձեզնով չմեռնող այս հույսը..., ...մեր լույսի ու լավի հա­մար մաքառումների այս դուք' տղերք, որ ջահել եք, տաղանդով ու ավյունով լեցուն, որ եթե նույնիսկ կողք կողքի էլ չեք քայլում, ապա գոնե իրար հետևից գնում եք և ի­րա­րից առաջ անցնելու գեղեցիկ ու ուրախացնող ձգտումն ունեք, թիկունքից փչող սառ­նության վտանգն ունեն: Մի՛ թուլացեք, տղե՛րք: Հղփացած վերևների անտար­բե­րու­թյունը չի սա, իրենց մտավոր խեղճությունը արհամարհանք դարձրած ընթեր­ցող­նե­րի' գրականությունից երես թեքելը չի սա,  ձեր մեջ, ձեր կողքին, ձեզնից մեկ քայլ հետ, կամ մեկ քայլ առաջ մեռյալներ կան, իսկ սառը շունչն ավելի սպանիչ է, երբ մեռ­յալ­ներից է փչում: Ազատվե՛ք մեռյալներից, տղե՛րք, նույնիսկ եթե նրանք թանկ են ձեզ հա­մար: Ու ձեզ ապահով մի զգացեք, երբ ձեր կողքինի կամ հետևինի թիկունքն ավելի մերձ է մեռյալին, նրա ընկնելով' ձեր հերթն է գալու, տա~ք շնչեք, տղե՛րք:    

 

Եկել ենք, պինդ ենք եկել, բայց ի՞նչ ենք ուզում, տղե՛րք: Ուզելու մեր իրա­վուն­քը կարծես ապահովել, հաճախ նաև' պարտադրել ենք, ու եկեք երբեք չմտածենք, որ մեր ուզելը հենց այդ ուզելու իրավունքը նվաճելն էր, ու հանկարծ մտքներովս չանց­նի, թե հաջորդ քայլն անպայման հաջորդներին պետք է թողնել: Չէ՞ որ հատկապես գրականության մեջ մեռյալները երբեմն հարություն առնելու սովորություն ունեն, կամ ե­թե նույնիսկ չունեն, նրանց զոռով հարություն տվողներ կան' ինքնասիրահարվածի ի­րենց կրքերին ի հագուրդ: Այդ սուտ քրիստոսներին սեփական աչքերով էլ տեսնեք' չհա­վատաք նրանց հարությանը, տղե՛րք:

 

Ու այդ ինքնասիրահարվածների' այլևս չգրողին կրկին գրող հռչակելով իրենց Աստ­ված զգալու այդ խեղճ ջանքը, այդ մրցանակաբաշխություն կոչվածը, որ իրենց ուղ­ղված աղոթք փախցնելու թաքուն փափագն ունի, կամ արդեն աղոթածներին վե­րև­ներից «շնորհակալություն» նետելու բացահայտ անպատկառությունը, այնքան բա­ցա­հայտ, որ մեկ-մեկ զարմանում ես «աղանդավորների» ներկայությունից: Ու մա­նա­վանդ' այդ իբր անտեսումն ու արհամարհումը նրանց, ում աղոթքի չէ, կեսբերան նետ­ված գովասանքի համար իրենք են պատրաստ աղոթել ու ավելի մոլեռանդ:

 

Մրցանակները չէ, որ արժևորում են գրողին, գրողն է, որ արժևորում է մր­ցա­նակ­ները: ...վս­տահ եղեք, երիտասարդ գրողի պինդ գիր ու ապագայի լուսավոր հեռանկար պա­րա­գր­կող մի պատմվածքն ավելին արժե, քան ուզածդ դասականի հանկարծ հայտ­նա­բեր­ված միջին մակարդակի անտիպների մի հատորը:

 

Սառը շունչն ավելի սպանիչ է, երբ կենդանի մեռյալներից է փչում, տղե՛րք:

 

Ու ի՛մ արածի անհեթեթության նողկալի զգացողությունը, համակարգչի կամ սպի­տակ թղթի առջև նստել չկարողանալու ի՛մ լացացնող անզորությունը, ի՛մ գործա­դրած ջանքերի անիմաստության խեղդող տրտմությունը կենդանի մեռյալներին ես եր­բեք չեմ ներելու, ի՛մ թիկունքին փչող այս սառնությունը ես երբեք չեմ ներելու կեն­դա­նի մեռյալներին, թեպետ վստահ եմ, որ այդ ամենը ժամանակավոր է, քանզի վս­տահ եմ, որ ազատվելու ենք մեռյալներից, ու վստահ եմ, որ ձեր տաք շունչ է լինելու իմ թիկունքին, ու բոլորիս տաք շունչն է լինելու բոլորիս թիկունքին, տղե~րք»: