Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 17:30
Առանց Կատեգորիա

Վրաստանը հարվածում է թիկունքից. ո՞ւմ ձեռքերով

Վրաստանը հարվածում է թիկունքից. ո՞ւմ ձեռքերով

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ նրա նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ պարզաբանել է, որ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը Արցախում է եղել մասնավոր այցով, իսկ նրա հետ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ունեցել է ոչ թե պաշտոնական հանդիպում, այլ ընդամենը ոչ ֆորմալ բնույթի հաղորդակցություն, նաև վերահաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու` Հայաստանի դիրքորոշումը:

 

Պաշտոնական Երևանը ձգտում է ամեն ինչ անել՝ Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին տեղեկության պատճառով Հայաստանի և Վրաստանի միջև ի հայտ եկած դիվանագիտական կնճիռը վերացնելու ուղղությամբ, որը Թբիլիսին սրեց մի առանձնակի նախանձախնդրությամբ: Նախօրեին Վրաստանի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը, իր հերթին` Հայաստանում Վրաստանի դեսպանը ՀՀ ԱԳՆ է այցելել՝ սպառնալով, թե այդ միջադեպը կարող է փչացնել հայ-վրացական հարաբերությունները: Չբավարարվելով այդքանով՝ ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում, ոչ լեգիտիմ համարելով Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները, ԼՂ-ն ճանաչեց որպես «Ադրբեջանի գրավյալ տարածք»:

 

Վրացական կողմի այս աստիճանի վրդովմունքը, սակայն, թվում է խիստ չափազանցված և չկշռադատված: Խնդիրն այն է, որ սկանդալի ծավալման համար հիմք էր հանդիսացել վրացական «Ռեզոնանսներ. ամբողջ շաբաթ» թերթի մի հրապարակում, որում, հղում կատարելով Հարավային Օսիայի խորհրդարանի պաշտոնական կայքէջում զետեղված նյութին, նշվում էր, թե Բիբիլովը Հայաստանի ԱԺ նախագահի հրավերով է այցելել ԼՂՀ, որտեղ կայացած նրանց հանդիպման ընթացքում, ոչ ավելի, ոչ պակաս, քննարկվել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր:

 

Այն, որ Գալուստ Սահակյանից սպասելի են չկշռադատված, պահի ազդեցությամբ կայացված որոշումներ, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Բայց արդյո՞ք հնարավոր է, որ ողջ խորհրդարանում որևէ մեկը չգտնվեց, որ ԱԺ նախագահին գլխի գցեր, որ այդ հրավերն ուղարկելը, Բիբիլովի հետ հանդիպելը հղի է վտանգներով:

 

Մյուս կողմից` Հարավային Օսիայի պառլամենտի կայքում Բիբիլովի ղարաբաղյան այցի մասին` մայիսի 5-ի դրությամբ առկա հաղորդագրության տեքստում անգամ հեռավոր որևէ ակնարկ չկա այն մասին, որ նա Սահակյանի հրավերով է մեկնել ԼՂՀ, և որ այնտեղ նրանց միջև որևէ ձևաչափով հանդիպում է կայացել: Այդ տեքստում սևով սպիտակի վրա գրված է, որ հրավերը ստացվել է ԼՂՀ ԱԺ նախագահ Ղուլյանից, և որ Բիբիլովը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ընդամենը: Իսկ այն, որ չճանաչված երկրների ներակայացուցիչները պարբերաբար փոխայցելություններ են կատարում, Թբիլիսիի համար նորություն չէ, և նախկինում երբեք նման դեպքերը միջպետական սկանդալների պատճառ չեն դարձել:

 

Բոլոր դեպքերում` Հարավային Օսիայի պառլամենտի կայքում առկա այդ տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ կա'մ այդ տեքստը փոխվել է Վրաստանի կողմից աղմուկ բարձրացնելուց հետո, կա'մ վրացական թերթն ինքն է երևակայությունների գիրկն ընկել: Ամեն դեպքում փաստ է, որ խնդրի ակունքները Երևանում չեն: Եթե Գ. Սահակյանին կարելի է մեղադրել ինչ-որ բանում, ապա, թերևս, միայն Բիբիլովի հետ լուսանկարվելու հարցում, որն, իհարկե, միանգամայն սպասելի լինելով Սահակյանից, քաղաքական անհեռատեսության ակնհայտ դրսևորում է: Բայց նման լուսանկարները ոչ թե վերջնական եզրահանգումների տեղիք կարող են տալ, այն էլ` լրատվամիջոցի կողմից փոխանցված լուրի հիման վրա, այլ առավելագույնը` կասկածելու, ներքին խողովակներով ճշգրտումներ կատարելու, որի հիման վրա արված ընդհանրացումներից հետո կարելի է որոշել` որքանո՞վ է ճիշտ կատարվածին հնչեղություն տալը կամ տալու դեպքում այն սկանդալի վերածելը: Մի բան, որի շուրջ Վրաստանը պարզապես հարկ չի համարել մտածել:

 

Դրանից կարելի է մի քանի հնարավոր եզրահանգում կատարել: Առաջին՝ Թբիլիսին, շտապողականություն դրսևորելով, կուլ է տվել մանիպուլյացիոն խայծը, ինչը նշանակում է, որ կա'մ Վրաստանում, կա'մ Հարավային Օսիայի թիկունքում ակտիվանում են ինչ-որ շրջանակներ, որոնք ջանք չեն խնայում փչացնել հայ-վրացական` առանց այն էլ խախուտ հարաբերությունները:

 

Երկրորդ` Վրաստանն ինքն է սրում իրավիճակը՝ փորձելով լուծել ինչ-որ խնդիրներ: Չի կարելի բացառել, որ այս ամենը ուղղակի Սահակյանի հաշվին Հր. Օսիայի սուբյեկտ լինելն ընդգծելու Ցխինվալի ինքնագործունեության արդյունքն է, որի հետևանքները տեսնելուց հետո որոշել են արագ ուղղումներ կատարել: Եթե այդպես է, ապա ՀՀ ԱԺ նախագահը պետք է հանդես գար պարզաբանող պաշտոնական հայտարարութամբ:

 

Բայց անկախ հանգամանքներից, եթե Հայաստանը շարժվեր Թբիլիսիի այս` հիստերիկ պահելաձևով, ապա այդ երկրի հետ հարաբերությունները, թերևս, վաղուց պետք է թշնամականի վերածված լինեին: Երբ Վրաստանը, Ադրբեջանի և Մոլդովայի հետ միասին, այդ երկրների «օկուպացված» տարածքներում իրավիճակի մասին բանաձևերի նախագծեր էր իրար ետևից ներկայացնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ նկատի ունենալով նաև ԼՂ-ն, Երևանը դրանից աղմուկ չէր բարձրացնում՝ օբյեկտիվորեն գնահատելով իր համար Վրաստանի հետ բնականոն հարաբերությունների պահպանման ստրատեգիական նշանակությունը:

 

Ինչպես երևում է՝ Թբիլիսում ոչ միայն հրաշալի հասկանում են Հայաստանի այս կախվածությունն իրենցից, այլև սկսում են դա շահագործել: Եվ որքան տարօրինակ, նույնքան էլ խոսուն է այն փաստը, որ դիվանագիտական այս սկանդալն արհեստականորեն ուռճացվում է հենց այն ժամանակ, երբ Վրաստանը ռազմական քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում ուղղակի ստրատեգիական հարաբերություններ է խորացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

 

Եթե վրացական կողմի ներկայիս «տաքարյունության» ետևում նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը ամբողջական դարձնելու նպատակները չեն, ապա առնվազն պարզորոշ զգացվում է, Երևանին ապտակելով, Անկարային ու Բաքվին սիրաշահելու մղումը՝ թերևս փորձելով ցույց տալ, թե որքան լավ բարեկամ կարող է լինել Թբիլիսին իր գործընկերների համար:

 

Չի բացառվում, իհարկե, որ այս ամենի ետևում հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու` ռուսական կողմի հնարավոր շահագրգռությունն է: Բայց եթե այդպես է, ապա Թբիլիսին ոչ թե պետք է տրվեր այդ մանիպուլյացիաներին, այլև, Երևանի հետ ներքին կարգով խնդիրները լուծելով, ուղղակի ցույց տար, որ նման հնարքներն իր հետ չեն անցնելու: Մանավանդ, որ դրանում առավել քան շահագրգռված է նաև Հայաստանը:

 

Գևորգ Աղաբաբյան