կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-17 11:04
Տարածաշրջան

Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատ վիճակը

Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատ վիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատ վիճակը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ամենահեղինակավոր` «Սան Սուսի կոլոքվիում»  մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցած Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և դատապարտել այդ երկրում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները:

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ որպես այդ ազատությունների ոտնահարման օրինակ` Գերմանիայի կանցլերը հիշատակել է թուրքական «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի վերաբերյալ դատավարությունը:

«Թուրքիայում մամուլի ազատությունը դժվար կացության մեջ է: Եվ Ջան Դյունդարը դրա ակնհայտ օրինակներից մեկն է», - ըստ «Լրագրողներ` առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Միհրի՝ ասել է Մերկելը:

Կանցլերի համոզմամբ՝ մամուլի ազատության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ այն իսկապես գոյություն ունի:

Նշվում է նաև, որ ինքը՝ Ջան Դյունդարը, նույնպես ներկա է եղել նշյալ միջոցառմանը, որին, ի դեպ, հրավիրված են եղել Եվրոպայի մի շարք առաջատար գրողներ ու լրագրողներ:

Հիշեցնենք, որ  Ջան Դյունդարը մեղադրվել է իր լրագրողական գործունեության շրջանակներում պետական գաղտնիքի հրապարակման մեջ և դատապարտվել 5 տարի 10 ամիս ազատազրկման: