Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը: Նա նախ կարևորեց նախկին կառավարության նախաձեռնած մենաշնորհների դեմ պայքարի և բյուջետային ծախսերի կրճատմանն ուղղված ջանքերը, քանի որ դրանք բարդ տնտեսական պայմաններում առաջին անհրաժեշտության քայլեր էին, որ պետք է կատարվեին: Պատգամավորի կարծիքով նոր կառավարության գործունեությունը կունենա դրական արդյունք, եթե նրան հաջողվի պայքարել մենաշնորհների դեմ, և լուրջ տնտեսական աճ գրանցել. նա նշեց, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Ըստ պատգամավորի, անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել և ի հայտ բերել այն խնդիրները, որոնք իրոք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Պետք է վերացնել այդ խոչընդոտները, ընդլայնել ներդրումները, խրախուսել արտադրությունը և արտահանումը: Հնարավորինս պարզեցնել հարկային և մաքսային վարչարարությունը` ստեղծելով բարենպաստ պայմաններ բիզնես ոլորտի զարգացման համար: «Սա կհանգեցնի մեր երկրում օտարերկրյա կապիտալով ընկերությունների թվաքանակի աճին, որը շատ կարևոր է թե անվտանգության նկատառումներով և թե բիզնես մշակույթի ձևավորման համար: Իհարկե անհրաժեշտ է աջակցել նաև փոքր և միջին բիզնեսի կայացմանը՝ հարկային արտոնություններ և ավելի էժան ու հեշտ վարկեր տրամադրելով: Իսկ արտահանող ընկերություններին պետք է աջակցել նոր շուկաներ գտնել: Այս հարցերում իրենց լուրջ ավանդը կարող են ունենալ մեր հյուպատոսական ներկայացուցչությունները»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ մեծ անելիքներ կան գյուղատնտեսության ոլորտում: Պետք է բարձրացնել մշակվող հողերի արդյունավետությունը, ներդնել ապահովագրական մեխանիզմներ: Գյուղատնտեսությունը նույնպես ներքին պահանջարկը բավարարելուց զատ պետք է միտված լինի արտահանմանը: «Նաև պետք է նշեմ, որ անթույլատրելի է սփյուռքի ներուժից չօգտվելը: Ունենք սփյուռքահայ բազմաթիվ կայացած գործարարներ, որոնք պետք է ընդգրկվեն երկրի հզորացման գործում, ոչ թե տարատեսակ բարեգործությունների, այլ տնտեսության տարբեր ոլորտներում իրենց ներդրումների միջոցով: Միգուցե ստեղծենք տնտեսական զարգացման համատեղ խորհուրդ ՝ ընդգրկելով սփյուռքում ճանաչում ու հեղինակություն վայելող մեր հայրենակիցներին, լսենք նրանց առաջարկություններն ու դժգոհությունները: Երկարաժամկետ հատվածի համար մեր ռազմավարական նպատակը պետք է լինի տնտեսական հայեցակարգի արմատական վերանայումը»,- ասաց Կարեն Շահմուրադյանը: Նա հավելեց, որ կարևոր է գիտակցել, որ պետք է ներմուծող երկրից դառնանք արտադրող և արտահանող երկիր, ինչը, անշուշտ մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում, բայց միայն նմանատիպ հետևողական և համալիր մրջոցառումներն են, որ իրոք կօգնեն լուծել երկրի համար հիմնախնդիր դարձած գործազրկության ու արտագաղթի հարցը: