Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, ՀՀԿ ԳՄ նիստին ընդառաջ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունն իր գործունեության ընթացքում տարբեր վարչապետերով ստանձնել է կառավարության պատասխանատվությունը, և նախորդ ժամանակահատվածի համար կառավարության գործունեությունը պետք է գնահատել բավարար, իսկ նոր պայմաններում նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր մարտահրավերները և հասարակության պահանջները, որոնք փոփոխվում են կյանքի զարգացման հետ համընթաց: Ուստի նոր կառավարությանը պետք է պատրաստել նոր լուծումների:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում ազգային համաձայնության կառավարություն, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, դա հանրության բոլոր շերտերի, բոլոր խավերի պահանջմունքները պարունակող և դրանց համար ծրագրեր նախատեսող կառավարություն պետք է լինի: «Կարծում եմ` մենք կունենանք այդ մոդելի կառավարություն ապագայում»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը խորթ չէ Հանրապետական կուսակցության համար, քանի որ նա երկար տարիներ աշխատում է Հայաստանից դուրս և, ըստ էության, Հանրապետական կուսակցության հետ քիչ է հարաբերվում` չլինելով կուսակցական, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, խորթ չէ, Կարեն Կարապետյանը եղել է Երևանի ավագանու Հանրապետական ցուցակում, մենք նրա հետ երկար ժամանակ համագործակցել ենք: Բացի այդ` Հանրապետական կուսակցությունը չի տառապում կուսակցամոլությամբ` միշտ կարողանալով համագործակցել համախոհների հետ»:
Արտակ Զաքարյանի կարծիքով` եթե Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվի, ապա նա կաշխատի մինչև խորհրդարանական ընտրություններ:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ կարճ ժամանակով վարչապետ փոփոխել, նա պատասխանեց. «Ժամանակավոր չէ, յուրաքանչյուր ժամանակ բերում է իր պահանջները, այս պարագայում ունենք որոշակի իրավիճակ, նաև հանրային պահանջների հիման վրա ստեղծված վիճակ: Մի քանի ամիսը կապ չունի, կապ ունի, թե հասարակությունն ինչ վերաբերմունք կունենա նոր վարչապետի գործունեության և կառավարման համակարգի նկատմամբ: Իսկ հասարակությունը նոր լուծումների ու մոտեցումների պահանջ ունի: Ստատիկ իրավիճակները չեն բավարարում հասարակությանը, պետք են դինամիկ լուծումներ»:
Հարցին` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ փոխելը, ժողովրդի աչքերին թոզ փչել չի նշանակում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը երբեք թոզ չի փչել, մեր ժողովուրդն էլ այն ժողովուրդը չէ, որ հնարավոր լինի նրա աչքերին թոզ փչել»: