կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 14:33
Քաղաքական

Քարոզարշավը` վերհսկողությունից դուրս

Քարոզարշավը` վերհսկողությունից դուրս

Առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ՏԻՄ ընտրություններն ունեն նախընտրական քարոզչության երեք ժամանակահատված, որոնք սկսվում են օգոստոսի 31-ից, սեպտեմբերի 9-ից և սեպտեմբերի 14-ից: Սակայն որոշ քաղաքական ուժեր չեն դիմանում քարոզչության ու հակաքարոզչության գայթակղությանը, խախտում են օրենքով սահմանված քարոզչական ժամանակահատվածը և դիմում քարոզչական ու հակաքարոզչական քայլերի` նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

Թե ինչպես է կարգավորվում այդ հարցը, Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: ԸՕ-ն հստակ սահմանել է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են քարոզչությունը հսկող կանոնակարգումներ, երբ հավասար հնարավորություններ են ապահովվում ընտրություններին մասնակցող թեկնածուների համար:

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի հստակ սահմանված լինելը ԸՕ կողմից չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Այսինքն` եթե ընտրություններին մասնակցող թեկնածուները նախընտրական քարոզչության սահմանված ժամկետից դուրս արտահայտում են իրենց տեսակետները, ապա դա օրենքով արգելված չէ, և ընտրական հանձնաժողովները դրա նկատմամբ վերահսկողություն չեն իրականացնում»,- ասաց Հերմինե Հարությունյանը: