կարևոր
1051 դիտում, 6 ամիս առաջ - 2023-11-15 10:55
Քաղաքական

Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավը մանրամասն զննելուց հետո, FBI-ը խորացել է Թուրքիայի հետ նրա կապերի մեջ

Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավը մանրամասն զննելուց հետո, FBI-ը խորացել է Թուրքիայի հետ նրա կապերի մեջ

Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այժմ ընդլայնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև կապերի իր հետաքննությունը՝ ենթադրյալ ապօրինի դրամահավաքի առնչությամբ:

Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ FBI-ը ներխուժել է քաղաքապետի նախընտրական քարոզարշավի դրամահավաքի տուն և առգրավել երեք iPhone, երկու համակարգիչ և զանազան փաստաթղթեր: Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնն ասաց, որ ստուգայցից հետո «բացահայտվել է, որ մի անձնավորություն վերջերս ոչ պատշաճ է վարվել»։

Դրանից հետո, FBI-ը փողոցում անսպասելիորեն կանգնեցրել է քաղաքապետին և վերցրել նրա երկու բջջային հեռախոսներն ու iPad-ը՝ դատարանից խուզարկության հրամանագիր ստանալուց հետո։ FBI-ը պատճենել է նրա էլեկտրոնային սարքերի պարունակությունը և դրանք վերադարձրել քաղաքապետին։ Ադամսը չեղարկել է Պուերտո Ռիկո ծրագրված ուղևորությունը, որտեղ նա պետք է մասնակցեր մի կարևոր քաղաքական համաժողովի:

Առկա են երեք կարևոր իրողություններ այս վերջին զարգացումների հետ կապված.

1) Դաշնային կառավարությունն ավելի է մոտենում քաղաքապետի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև անձնական կապերի հետաքննությանը, որոնք հնարավոր է ապօրինի ներդրում են ունեցել նրա քաղաքական քարոզարշավում:
2) Դատարանից խուզարկության հրամանագիր ստանալու համար FBI-ը պետք է դատավորին ներկայացներ քաղաքապետի կամ նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր ապօրինությունների մասին հավաստի ապացույցներ: Նման հրամանագիր ևս ստացվել էր դատարանից՝ անցյալ շաբաթ քաղաքապետի դրամահավաքի տանը խուզարկություն կատարելու համար։
3) Քաղաքապետին անսպասելիորեն փողոցում կանգնեցրել էին իր էլեկտրոնային սարքերը վերցնելու համար, որպեսզի նա հնարավորություն չունենար ջնջել կամ փոփոխել իր սարքերի տեղեկատվությունը:

«Նյու Յորք թայմս» թերթը 2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդել է, որ FBI-ը «քննում է, թե արդյոք Ադամսը վերացրել է համապատասխան կանոնակարգերը թուրքական կառավարության համար»: Ըստ լուրերի, «2021 թվականի Դեմոկրատական կուսակցության քաղաքապետի նախնական ընտրություններում հաղթելուց հետո Էրիկ Ադամսը հաջողությամբ ճնշում է գործադրել [Նյու Յորքի] քաղաքային պաշտոնյաների վրա՝ թույլ տալու Մանհեթենի բարձրահարկ շենքի բացումը, որտեղ տեղակայվել է Թուրքիայի հյուպատոսությունը»:

«Նյու Յորք թայմսը» բացահայտել է, որ «Դաշնային իշխանությունները հետաքննում են, թե արդյոք քաղաքապետ Էրիկ Ադամսը երկու տարի առաջ իր ընտրվելուց շաբաթներ առաջ ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցների վրա, որպեսզի նրանք վավերացնեն Մանհեթենում թուրքական կառավարության հյուպատոսության նոր բարձրահարկ շենքը, չնայած նրա անվտանգության հետ կապված մտահոգություններին, ասել են գործին տեղյակ երեք անձինք»։

«Նյու Յորք թայմսը» հավելել է, որ «Հուլիսին Դեմոկրատական կուսակցության քաղաքապետի նախնական ընտրություններում հաղթելուց հետո Ադամսը 2021 թվականի ամառվա վերջին կապ է հաստատել այն ժամանակվա հրշեջ ծառայության հանձնակատար Դանիել Ա. Նիգրոյի հետ և հորդորել նրան թույլ տալ թուրքական կառավարությանը զբաղեցնել շենքը, առնվազն ժամանակավոր հիմունքներով: Շենքը դեռ չէր բացվել, քանի որ հրշեջները նշել էին անվտանգության խնդիրների մասին և հրաժարվել հաստատել դրա զբաղեցումը՝ հայտնել են որոշ մարդիկ: Արձանագրությունները ցույց են տալիս, որ շենքը դեռ շահագործվում է ժամանակավոր զբաղեցման վկայականով»:

Քաղաքապետի միջամտությունը հնարավորություն է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «իրականացնել 300 միլիոն դոլար արժողությամբ 35 հարկանի աշտարակի հանդիսավոր բացումը 2021 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ, չնայած հակահրդեհային անվտանգության համակարգի բազմաթիվ թերություններին՝ ըստ գործին ծանոթ մարդկանց և քաղաքային գրառումների», հայտնում է «Նյու Յորք թայմսը»:

«Դաշնային քրեական հետաքննությունը մասամբ կենտրոնացել է այն բանի վրա, թե արդյոք Ադամսի 2021 թվականի քարոզարշավի ժամանակ թաքուն գործարք է եղել թուրքական կառավարության, ներառյալ Նյու Յորքում գտնվող նրա գլխավոր հյուպատոսության հետ՝ անօրինական կերպով օտարերկրյա գումարներ ուղղելու համար նրա գանձարանը՝ համաձայն «Նյու Յորք թայմսի» կողմից ձեռք բերված խուզարկության հրամանագրի, որով այս ամիս FBI-ը խուզարկել է քաղաքապետի գլխավոր դրամահավաքի տունը… Ադամսի կապերը թուրքական կառավարության և համայնքի հետ երկար տարիների պատմություն ունեն։ Որպես Բրուքլինի շրջանի ղեկավար՝ նա ակտիվորեն սիրաշահում էր հարավային Բրուքլինի թուրքական համայնքի հարուստ անդամներին: 2015 թվականի օգոստոսին Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը վճարել է Ադամսի ավիատոմսի, հյուրանոցի և ցամաքային տրանսպորտի համար՝ Թուրքիա մեկնելու համար, ըստ ֆինանսական հաշվետվությունների։ Այնտեղ Ադամսը քույր քաղաքի պայմանագիր է ստորագրել Ստամբուլի Ուսքուդարի քաղաքապետարանի հետ, որը մեկն էր այն մի քանի քաղաքներից, որտեղ նա մեկնել էր որպես շրջանի ղեկավար: Նա նաև այցելել է Բախչեշեհիր համալսարանը, որը հիմնել է նույն թուրք բարերարը, որը հիմնադրել է «Բեյ» Ատլանտիկ համալսարանը Վաշինգտոնում», գրում է «Նյու Յորք թայմսը»:

Ավելին, FBI-ը հետաքննում է «KSK Construction-ի՝ թուրք ներգաղթյալներին պատկանող Բրուքլինի շինարարական ընկերության դերը, որը 2021 թվականի մայիսի 7-ին կազմակերպել էր դրամահավաք Ադամսի համար: Այդ օրը 48 նվիրատու, այդ թվում՝ ընկերության սեփականատերերը, աշխատակիցները և նրանց ընտանիքները, ինչպես նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտում աշխատող այլ անձինք, նվիրաբերել են 43600 դոլար՝ ըստ Ադամսի քարոզարշավի զեկույցների: Այդ ներդրումները հնարավորություն տվեցին նրան ստանալ ևս 48 հազար դոլար հանրային համապատասխան ֆոնդեր՝ ընդհանուր առմամբ մոտ 92 հազար դոլար», ըստ «Նյու Յորք թայմսի»։

Նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի կողմից հիմնադրված «Թուրքեն» հիմնադրամի խորհրդի երեք ամերիկացի անդամներ 6000 դոլար են նվիրաբերել Ադամսի քարոզարշավին 2018-2021 թվականներին, հայտնում է The City կայքը։ Հիմնադրամը գրանցված է որպես օտարերկրյա գործակալ ԱՄՆ արդարադատության նախարարությունում:

Բրուքլինի շրջանի այն ժամանակվա ղեկավար Էրիկ Ադամսը, տարօրինակ կերպով, խաղացել է ինքն իր կերպարը 2017 թվականի թուրքական «Նյու Յորքի հեքիաթը» ռոմանտիկ կատակերգության մեջ, որտեղ երկու թուրքեր նրանից խնդրում են քաղաքական առանձնաշնորհումներ, իսկ նա ասում է, որ չի հասկանում նրանց: Ֆիլմում Ադամսը ասում է թուրքերին. «Բրուքլինը սիրում է Թուրքիան։

Բրուքլինը ամերիկյան Ստամբուլն է։ Մեզ դուր է գալիս ձեր կերակուրը, մենք սիրում ենք ձեր երաժշտությունը, բայց ես թուրքերեն չեմ հասկանում, սակայն մենք կարող ենք սելֆի անել»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի