| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Համաներման միջազգային կազմակերպությունը»  ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի և կտտանքների:  «Deutsche Welle» -ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք «հավաստի աղբյուրներից» տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կազմակերպության տնօրեն Ջոն Դելհոյսենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական և ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար և ցավ պատճառող դիրքերով մնալ մինչև 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում:
Դելհոյսենը կոչ է արել Թուրքիային «վերջ դնել այդ տգեղ գործողություններին» և թույլ տալ անկախ  դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ:
Իսկ Թուրքիայի արդարադատության նախարարությունը իր պաշտոնակայքում հրապարակած հայտարարությամբ հերքել է «Համաներման միջազգային կազմակերպության» մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված  և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13.000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Հայտնի է, որ ձերբակալվածներից 8800-ը զինվորականներ են, 500-ը՝ ոստիկաններ, 2100-ը՝ դատավորներ ու դատախազներ: