Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ մի խումբ մտավորականներ կոչ էին ուղղել Ժիրայր Սեֆիլյանին , որ նա միջամտի Էրեբունիում ստեղծված արտակարգ իրավիճակին ու կանխի դեպքերի անցանկալի հետևանքները: Նամակը «Վարդաշեն» ՔԿՀ էր տարել անձամբ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, արդյո՞ք ունեն սպասելիք Ժիրայր Սեֆիլյանից, որ նա կհետևի մտավորականների կոչին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.
«Որ ասեմ, այնքան ռոմանտիկ եմ, որ հավատամ` այդ հորդորը բավական է, որ փոխվի ամբողջ իրավիճակը, իհարկե՝ ոչ: Սա ավելի շատ խղճի պահանջ էր` օգտագործել եղած հնարավորությունը: Եթե վաղը բերեն ինձ տան մի նամակ, որը կարող է կանգնեցնել արյունահեղությունը, ես էլի միանշանակ կստորագրեմ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Ստեղծված վիճակի հանգուցալուծումը, նրա խոսքով, պետք է տան կողմերը: Երկու կողմն էլ հայտարարում է, որ դեմ են արյունահեղությանը, ինչը արդեն լավ է: Միաժամանակ, երկու կողմից առաջ քաշված պահանջները, այն է` մի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարական, քաղբանտարկյալների ազատ արձակում, մյուս կողմից` զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը, իրատեսական չեն թվում: Ըստ Ռուբեն Բաբայանի, հանգուցալուծման տարբերակ կարող է լինել հետևյալը` Հայաստանը պատերազմական վիճակում է գնվում, երբ գործում են պատերազմական օրենքներ, և կարելի է հնարավորություն տալ զինված խմբին պատերազմի դաշտում քավել մեղքերը:
«Կարծեմ որոշ ժամանակ առաջ նրանց պահանջն էր թույլ տալ, որ գնան սահման ու ծառայեն բանակում, պաշտպանեն հայրենիքը: Նրանց մի մասը ռազմի դաշտում կռված տղաներ են, պետք է դա թույլ տալ նրանց»,- ասաց Ռուբեն Բաբայանը` հավելելով, որ եթե կողմերը գան կոմպրոմիսի, այդ թնջուկը կարող է այդ կերպ հանգուցալուծվի, որ նրանք գնան ծառայեն բանակում՝ ենթարկվելով ՊՆ հրամանատարությանը : Միաժամանակ Ռուբեն Բաբայանը նշում է, որ դրանով խնդիրը չի վերանա, հիմնական անելիքը իշխանություններինն է, նրանք պետք է անհապաղ փոփոխություններ իրականացնեն երկրում:
Մյուս կողմից, եթե անգամ զինված խմբին դատեն, կա նաև նախադեպ, երբ նրանք ազատվում են քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում: