կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 19:19
Քաղաքական

Ստրասբուրգում ՀՅԴ-ն կարևոր հուշագիր է ստորագրել

Ստրասբուրգում ՀՅԴ-ն կարևոր հուշագիր է ստորագրել

2016թ հուլիսի 6-ին Ստրասբուրգում ստորագրվել է համագործակցության հուշագիր ԵԽ սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության և ԱԺ ՀՅԴ խմբակցության միջև: Համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է մինչև 2019թ-ը:

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցությունը մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում և մեծ ազդեցություն ունի Եվրախորհրդարանում: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսելով այդ համագործակցության մասին նշեց, որ մինչ հուշագրի ստորագրումը նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և ԵԽ սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության կողմից այդ աշխատանքները իրականացրել է խմբակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու և խմբակցության նախագահի տեղակալ Քլուդ Ֆլենկենշտայնը:

Համաձայնագիրը ՀՅԴ-ի կողմից ստորագրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իսկ Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության կողմից` խմբակցության ղեկավար Ջիանի Պիտելլան:

«Մենք շատ կարևորում ենք այս համագործակցությունը, որովհետև նախ ԱՊՀ տարածքում բացի մեզանից, միայն Մոլդովայի սոցիալիստական կուսակցության հետ են նրանք համագործակցության հուշագիր ստորագրել: Մինչեւ հիմա մենք Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության հետ ունեցել ենք համապատասխան գործունեության ու համագործակցության փորձ հայտնի բանաձևերի ընդունման փաստով, երբ ընդունվեց Եվրախորհրդարանի հայտնի բանաձևը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ,ինչպես նաև ստեղծվեց Հայաստանի բարեկամներ խումբը, որի մի զգալի մասը հենց այս խմբակցության անդամներ են»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` համագործակցության հիմնական նպատակն է առաջ մղել սոցիալ-դեմոկրատական արժեքները, հիմնական շեշտը դնելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայացման, սոցիալական արդարության և համերաշխության ամրապնդման վրա: Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցությունը մեծ նշանակություն է տալիս այն դերակատարությանը, որը Դաշնակցությունը պետք է ունենա սահմանադրական բարեփոխումները առաջ մղելու և ընտրական համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

«Այս ուղղությամբ մենք փաստորեն ձեռք ենք բերում կարևոր գործընկեր, քանի որ իրենք պատրաստ են աջակցել այդ բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացին, Սահմանադրությունը կյանքի կոչելուն: Սահմանադրությունից բխելու են օրենսդրական լուրջ փոփոխություններ, մի քանի հարյուր օրենքներ պետք է փոխվեն, և իրենք կարևորում են հատկապես ժողովրդավարության կայացման հաստատությունների ձևավորման խնդիրը, որ այդ օրենքների կիրառման փուլում Հայաստանը ունենա համապատասխան մեխանիզմներով օժտված քաղաքական համակարգ: Հատկապես կարևորում են հակակոռուպցիոն պայքարը, որը վերջին ժամանակներս դրվել է Հայաստանի օրակարգում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ քաղաքական համագործակցությունը ներառում է մի քանի կետեր, այն է` երիտասարդ կադրերի փոխանակում, մասնավորապես համագործակցության մեջ նշվել են կետեր, որոնք հնարավորություն կտան մասնագիտացման համար այնտեղ ուղարկել երիտասարդ կադրերին` ուսանելու, ծանոթանալու Եվրախորհրդարանի աշխատանքներին, աշխատելու ոճին, ձեռք բերելու համապատասխան կարողություններ և փորձառություն` մասնագիտական, քաղաքական:Եվ իրենց կողմից Հայաստան կայցելեն կադրեր, ծանոթանալու Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ:

Հաջորդ կետը, ըստ Արմեն Ռուստամյանի, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման խնդիրներն են, որոնք կազմում են իրենց օրակարգի կարևոր մասը: «Այս հուշագրով իրենք շատ մեծ տեղ են տալու Դաշնակցության տեսակետներին ու գնահատականներին, կապված տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, կոնֆլիկտների լուծման, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի հետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն կարևորում է եվրոպացի սոցիալ-դեմոկրատ գործընկերների հետ համագործակցության խորացումը, որին նախորդել էր ՀՅԴ անդամակցությունը եվրոպական սոցիալիստական կուսակցությանը, հանդիսանալով դիտորդ անդամ: Հուշագրի ստորագրումից հետո Արմեն Ռուստամյանը մասնակցել է ԵԽ սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության նիստին, որտեղ բոլորը ողջունել են ձեռք բերված համագործակցությունը: