Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, ով օրերս փեսայի՝Վլադիկ Մարտիրոսյանի կողմից սպանված Կարինե Մանսուրյանի դստեր՝ ծանր վիրավորված Թագուհի Մանսուրյանի փաստաբանն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց, որ եթե պատկան մարմինները չթերանային և Վլադիկ Մարտիրոսյանին ժամանակին ազատազրկման դատապարտեին, այսպիսի ողբերգություն չէր լինի:
Նշենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը ծանր վիրավորում է հասցրել նաև Թագուհու հորը: Փաստաբանի խոսքով՝ ընտանեկան ծեծկռտուքի դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը Շենգավիթի դատարանում քննվել է դեռևս նախորդ տարի:
«2015 թվականից է այս պատմությունը սկվել, Թագուհին դիմել է օգնության, 118 հոդվածով: Ասեմ, որ սա շարքային խնդիր չէ, Վլադիկը պարբերաբար բռնություն է կիրառել Թագուհու նկատմամբ, այդ ժամանակ Թագուհին վախենում էր Վլադիկից ու չէր կարողանում երեխային տեսակցության կարգի հարցում համաձայնության գալ:
Ես ուզում եմ ասել, որ խնամակալության հանձնաժողովի հետ շատ մեծ խնդիր ունեցա, այս գործով կանխակալ մոտեցում կար, այս հանձնաժողովի մեղքի բաժինն այստեղ շատ է, մատերի արանքով եզրակացություն տվեցին, որ շաբաթը հինգ օր, երեքական ժամով Վլադիկը կարող է տեսակցել երեխային»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Շենգավիթ վարչական շրջանը հովանավորում էր Վլադիկին:
«Վլադիկը թաքնվում էր տան բակի շքամուտքի մոտ, հետապնդում էր Թագուհու մորն ու Թագուհուն, նրանց հետևից հարվածում էր ու փախչում: Շատ վատ է այն, որ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել ու Վլադիկը շարունակել է իր բռնությունները»,- ասաց նա:
Փաստաբանը հավաստիացրեց նաև, որ իր աշխատելու ողջ ընթացքում չի եղել այնպիսի մի օր, որ Թագուհին ու մայրը չբողոքեին Վլադիկի բռնություններից: Մարինե Ֆարմանյանը նշեց նաև բավականին երկար գործընթաց է եղել նրանց հաշտեցման համար. «Կանչել ենք նրանց փաստաբանների պալատ, առանձին աշխատանքներ ենք կատարել նրանց հետ, միջոցներ ենք ձեռնարկել, որ ընտանիքը փրկենք, բայց որևէ բան անել հնարավոր չեղավ»:
Ի դեպ, Ֆարմանայանի խոսքով՝ Թագուհու մայրը ևս երբեմն ագրեսիա է ցուցաբերել, բայց ըստ փաստաբանի, նա այդ ագրեսիան դրսևորել է իր աղջկան օգնելու նպատակով: Փաստաբանը ընդգծեց նաև, որ Վլադիկ Մարտիրոսյանը, հասարակական աջացությունից թևավորվելով, ավելի ագրեսիվ գործողություններ սկսեց ծավալել ու նրա գերնպատակը նյութական ապահովությունն ապահովելն էր:
«Նյութական բարեկեցության կռիվ էր, սեփական ստամոքսի կռիվ էր, երեխայի տեսակցությունը Վլադիկը պարզապես դրոշակ էր դարձրել»,- ասաց նա: Մարինե Ֆարմանյանը ընդգծեց նաև, որ Վլադիկ Մարտիրոսյանը մեղսունակ է ճանաչվել: