կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 19:01
Առանց Կատեգորիա

ՆԱՏՕ-Ռուսաստան նոր «սառը պատերազմը» վերսկսվում է. Հայաստանի «ընտրությունը»

ՆԱՏՕ-Ռուսաստան նոր «սառը պատերազմը» վերսկսվում է. Հայաստանի «ընտրությունը»

Վարշավայում հուլիսի 7-8-ը կայացած` ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցում էին դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարները, արձանագրեց կազմակերպության և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման հերթական մակարդակը: Քաղաքական հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն իրական սպառնալիք է Եվրոպայի ընդհանուր անվտանգության համար, իրենց արտացոլումը գտան նաև գագաթաժողովի արդյունքում ընդունված կոմյունիկեում: Որոշում է ընդունվել բալթյան երկրներում, Լեհաստանում և սևծովյան տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի օպերացիոն պատրաստության` ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակներ տեղակայելու վերաբերյալ: Ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հանդեպ որդեգրել է նոր՝ «պաշտպանության և երկխոսության» նոր կոնցեպցիա, որի իմաստն այն է, որ ՆԱՏՕ-ն իր հետագա գործողությունները պայմանավորելու է ինչպես Ռուսաստանի վարքագծով, այնպես էլ նրա հետ երկխոսության հնարավորություններով:

Պաշտոնական Մոսկվան այս ամենն արդեն որակել է որպես Ռուսաստանի դեմոնիզացման և «սառը պատերազմի» վերսկսման նախաձեռնություն: Ի պատասխան  ՀՀՊ համակարգերի ընդլայնման` դաշինքի որոշման՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է 400 միավոր տեխնիկայի, այդ թվում` նաև «Տոպոլ», «Տոպոլ-Մ» ստրատեգիական նշանակության հրթիռային կայանքների և «Յարս» միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռների ներգրավմամբ զորավարժությունների անցկացում Ռուսաստանի տարբեր շրջաններում: Այդ մասին ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս ամառ Ռուսաստանը պլանավորում է փորձարկել նորագույն «Սմարտ» ծանր միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռներ, որոնք զինված ուժերի արսենալում կներգրավվեն 2018-ից:

Թե\' Հյուսիսատլանտյան դաշինքի և թե\' Ռուսաստանի այս նախաձեռնությունները վկայում են, որ սկսվում է «սառը պատերազմի» մի նոր, վտանգավոր շրջափուլ: Այս գործընթացն առայժմ լայն թափով զարգացում չի ունենում միայն Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ում առկա որոշակի տարակարծությունների պատճառով: Նաև Վարշավայի գագաթաժողովը հաստատեց, որ, այսպես կոչված, ավանդական կամ Արևմտյան Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, փորձում է չափավորել ԱՄՆ-ի ազդեցության գոտում գտնվող արևելաեվրոպական երկրների՝ Լեհաստանի, Մերձբալթյան երկրների, գերագրեսիվ հակառուսական քաղաքականությունը՝ մի կողմից հաշվի առնելով Ռուսաստանի հետ իրենց առևտրատնտեսական հարաբերությունների հզոր պոտենցիալը, իսկ մյուս կողմից՝ հասկանալով, թե իրականում, առանց սեփական անվտանգությունը ռիսկի ենթարկելու, ինչպիսի մեծ հարվածի տակ է ԱՄՆ-ը դնում Եվրոպայի անվտանգությունը՝ Ռուսաստանին  հակաքայլերի դիմելու սադրանքին դրդելու` իր անշեղ ուղեգծով:

Անկախ դրանից, սակայն, ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության սրումը առավել ծանրացնում է այն երկրների վիճակը, որոնք իրենց անվտանգության համակարգը փորձում են կառուցել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մանևրելու, նրանց միջև ինչ-որ չափով իրական կամ թվացյալ հավասարակշռություն պահելու ռազմավարության վրա: Այս տեսակետից առավել դժվարին վիճակ է ստեղծվում Հայաստանի համար:

Երևանն իր անվտանգության համակարգը` լավ, թե վատ, արդյունավետ, թե անարդյունավետ, կառուցել է ռուսական վեկտորի շրջանակում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի, այսպես կոչված, ռազմավարական և ռազմական համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր, ՀԱՊԿ անդամ է, Հայաստանում՝ Գյումրիում և Երևանում, տեղակայված է ռուսական երկու ռազմակայան, հայկական բանակի ողջ սպառազինությունը կա\'մ խորհրդային, կա\'մ, լավագույն դեպքում, ռուսական արտադրության է, սպայակազմի մեծ մասը վերապատրաստվում է ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում կամ վերապատրաստման կենտրոններում:

Սակայն, ի տարբերություն, այս ուղղությունը որդեգրած այլ երկրների, Հայաստանը չափազանց սերտ համագործակցություն է ծավալել նաև ՆԱՏՕ-ի հետ: Այն ներգրավված է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդում:  Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ  իրականացնում է «Պլանավորման և վերանայման գործընթաց» ծրագիրը, 2004 թ. Կոսովոյում և Աֆղանստանում մասնակցում է դաշինքի խաղաղապահ առաքելությանը: Իսկ 2005-ից Հայաստանն անդամակցում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում անդամակցությունից հետո ամենաբարձր կարգավիճակն ունեցող IPAP-ին, որի շրջանակում սկսեց զարգացնել իր անհատական գործակցության ծրագիրը:

Չնայած այս բոլոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունն ավելի շատ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունի, սակայն նման քաղաքականության շնորհիվ հաջողվում էր Արևմուտքում վստահելի գործընկերոջ վերաբերմունք ձևավորել իր նկատմամբ: Գլխավորապես հենց նման մակարդակի համագործակցության շնորհիվ Հայաստանին հաջողվեց հասնել նրան, որ դաշինքը հնարավորինս չեզոք դիրք որդեգրեց ԼՂ հակամարտության և դրա կարգավորման գործընթացում: Վարշավայի գագաթաժողովի արդյունքում ընդունված ամփոփիչ փաստաթղթում դաշինքը բավարարվել է ԼՂ հարցով միայն կարգավորման երեք՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի կիրառումից խուսափելու հիմնարար սկզբունքները մատնանշելով:

Ակնհայտ է, սակայն, որ որքան խորանա ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությունը, որքան «սառը պատերազմի» ուրվականն ավելի շոշափելի դառնա, այնքան Հայաստանի համար դժվար է լինելու պահել ներկայիս պարիտետը: Հայաստանն այնպիսի վիճակում չէ, որ ընտրության հնարավորություն ունենա: Թե\' երկկողմ և թե\' ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ ձևաչափով նա ուղղակի Ռուսաստանի դաշնակիցն է, որի հանդեպ ունի պարտավորություններ: Ամենևին չի բացառվում, որ, ի պատասխան ՌԴ-ի արևմտյան սահմանների երկարությամբ նոր 4 ՀՀՊ գումարտակներ տեղակայելու, ինչպես նաև Վրաստանին ավելի ինտեգրելու` ՆԱՏՕ-ի որոշման, Մոսկվան որոշի ընդլայնել Հայաստանում իր ռազմաբազան՝ այդպիսով Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վերածելով հակառուսական պոտենցիալ թիրախի: Եվ սա մի դեպքում, երբ այդ հնարավոր համալրումը չի ծառայելու Հայաստանի ներկայիս ռազմական սպառնալիքների չեզոքացմանը:

Գևորգ Դարբինյան