կարևոր
2665 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 09:54
Հասարակություն

ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:

Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»:»։