|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ-ի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նա հայտնեց, որ Հայաստանից Վրաստան էին մեկնել Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը և ինքը: ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց իր ելույթի մասին, որի ընթացքում երեք կարևոր շեշտադրումներ է արել:
«Ես շեշտել եմ, որ Ալիևը վայրագություն է կատարել և սանձազերծել ապրիլյան պատերազմը: Ներկայացրեցի այն վայրագությունները, խոշտանգումները, որոնք եղել են մեր հայրենակիցների նկատմամբ: Մյուսը հրադադարի մեխանիզմների ներդրման հարցն է, երրորդը` որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ես շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ Ադրբեջանի պատվիրակներն իրենց ելույթներում որևէ բովանդակային հերքում չարեցին իմ ելույթին»,- ասաց Մելքումյանը:
Նա հայտնեց, որ Թբիլիսիում, շվեյցարական պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Վրաստանի, Շվեյցարիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակների միջև, որի ընթացքում որոշում կայացվեց աշնանը Շվեյցարիայում անցկացնել սեմինար ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին տեղի ունեցած ինտենսիվ ռազմական գործողությունների ու դրանց հետևանքների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ այդ ամենն անհետևանք չի կարող մնալ: «Ապրիլյան քառօրյա պատերազմն անհետևանք չի կարող լինել: Անհնար է ձև անել, որ ոչ մի բան չի եղել ու ասել՝ եկեք գնանք, նստենք սեղանի շուրջ, զրուցենք: Պետք չէ տուրք տալ դիվանագիտական բարեհաճությանը, և շատ կոշտ ձևակերպումներ պետք է անենք: Ճշմարտությունը պետք է բարձրաձայնենք և գործընկերներին ասենք՝ պարտավոր են գնահատական տալ»,- ասաց նա:
Մելքումյանն ընդգծեց նաև, որ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքի հետ կապված գնահատականներն էլ պետք է հստակ լինեն, այլ ոչ թե լղոզված: