Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշներն ուղղակի գուժում են, որ Հայաստանը հաստատուն քայլերով մտնում է տնտեսական կոլապսի մեջ: Այս տարվա անցած երկու ամիսներին արտաքին առևտրաշրջանառության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 27.7%-ով։ Արտահանման ծավալը կրճատվել է 25.2%, ներմուծմանը՝ 28.6 տոկոսով:
Սրանք մոտավորապես այն ցուցանիշներն են, որոնք գրանցվել են 2009-ի ճգնաժամային տարվա ընթացքում: Անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ, այս տարի նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները, էլեկտրաէներգիայի արտադրությունը: Արդյունաբերության անկումը կազմել է 1,8 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալները կրճատվել են 16,6 տոկոսով:
Ներքին առևտուրը նվազել է մոտ 7 տոկոսով, ինչը հասարակության գնողունակության անկման, նույնն է թե` աղքատացման ամենացցուն ցուցանիշն է:
Դրան զուգահեռ 2015թ. զգալիորեն նվազել է Հայաստանի միջազգային պահուստները: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին դրանք նվազել են 230 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Անցած մեկ տարվա կտրվածքով նվազումը կազմել է 853 միլիոն դոլար կամ մոտ 40 տոկոս: Եթե նկատի ունենանք, թե ինչպես են, առհասարակ, Հայաստանում հրապարակվում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին պաշտոնական տվյալները, կարելի է պատկերացնել, թե որքան է վիճակն աղետալի, որ ԱՎԾ-ին այլևս չի հաջողվում դրանք թաքցնել թվանկարչական տարատեսակ աճպարարություններով:
Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում Հայաստանի կառավարությունը: Շարունակելով առաջնորդվել իրեն բնորոշ` գաղտագողի գործելու ձեռագրով՝ ոչ միայն դիմում է արդյունավետության ու շահավետության առումով առավել քան կասկածելի գործողությունների, այլև նույնիսկ հարկ չի համարում հետին թվով բացատրելու՝ ինչո՞վ են պայմանավորված հենց այդ կասկածելի քայլերին դիմելու պատճառներն ու հիմնավորումները: Եթե մարտի 19-ին «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն չհրապարակեր այն մասին, որ Հայաստանը 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ 500 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկել, գուցե հասարակությունը չիմանար էլ, որ կառավարությունը, փաստորեն, իր նորանկախ պատմության ամենաթանկ պարտքն է վերցրել, որը կարժենա ավելի քան 700 մլն դոլար, ինչի պատճառով արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ մոտեցել է վախեցնող` 50-55 տոկոսի սահմաններին:
Ինչպես հասկանալի է դառնում միայն տեղեկատվական արտահոսքի շնորհիվ, կառավարությունը եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի մի մասն ուղղելու է արտաքին պահուստների համալրմանը, մյուս մասով ետ է գնել 2013թ. թողարկած 6 տոկոս եկամտաբերությամբ 700 մլն դոլարի պարտատոմսերի մի մասը՝ 200 մլն դոլարի չափով: Եթե նկատի ունենանք, որ 2013թ. էլ կառավարությունն առաջին անգամ եվրաբոնդերի տեղաբաշխումը կատարել էր Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի պարտքը վերադարձնելու համար, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր հերթական անգամ կառավարությունը ավելի թանկ պարտքի տակ է ընկնում՝ նախկինում վերցրած պարտքը մարելու համար:
Թե ի՞նչ է սա նշանակում, լավ հասկանում է հասարակության այն ստվար մասը, որն այսօր ճռռալով անընդհատ աճող «տոկոսի տակ» փորձում է լուծել իր սոցիալ-կենցաղային տարրական խնդիրները: Ըստ էության՝ կառավարությունը ևս առաջնորդվում է հասարակության այդ հատվածի տրամաբանությամբ՝ երևի մի օր մի տեղից արև կծագի: Ու ողջ խնդիրը դառնում է մինչև այդ բաղձալի պահը ինչ-որ կերպ գոյություն քարշ տալը, սպասելը: Հայաստանի տնտեսության, ավելի ճիշտ` կառավարության տնտեսական քաղաքականության բնորոշիչը կամ փիլիսոփայությունը հիմա բացառապես դա է` ինչ-որ տեղից ցանկացած գնով, ցանկացած տոկոսով փող գտնելու միջոցով սպասելը: Իսկ «արևը», որի սպասելիքով կառավարությունը մտել է բուն տնտեսության վրա որևէ ազդեցություն չգործող տոկոսային այս կարուսելի վտանգավոր շրջապտույտի մեջ, այն է, թե երբ կհանվեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները, որպեսզի երկիրը կրկին բարեհաջող նստի տրանսֆերտների կենարար ասեղի վրա:
Եվ դա այն դեպքում, որ որևէ մեկը չի կարող ասել՝ երբ Ռուսաստանի վրայից կհանվեն այդ սանկցիաները կամ կհանվե՞ն երկարաժամկետ կտրվածքով, առհասարակ, թե՞ ոչ: Այսինքն` կառավարությունը հույսը կապում է մի բանի հետ, որը կարող է ընդհանրապես տեղի չունենալ: Հետևաբար, քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, Հայաստանի տնտեսությունը կարող է այնպիսի անդունդի մեջ գցել, որի հետևանքներն անդառնալի կլինեն՝ հանգեցնելով նույնիսկ երկրի ամբողջական դեֆոլտի:
Որքան էլ զարմանալի է, նույնիսկ այս ճգնաժամի պարագայում իշխանությունը չի ցանկանում գնալ տնտեսական ոլորտում կտրուկ փոփոխությունների՝ ծանրության կենտրոնը տրանսֆերտային հոսքերին ապավինելուց դեպի իրական տնտեսական հատվածի ինստիտուցիոնալ բարեփոխումները, այնտեղ ներդրումների, տնտեսական աշխուժության ապահովման դաշտ տեղափոխելուն միջին և մանր ձեռներեցության համար հարկային, մաքսային արտոնյալ պայմաններ ստեղծելով, շուկաների ազատականացման և, ի վերջո, օլիգոպոլիաների վերացման միջոցով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի խնդիրը պետք է լիներ հիմա բացառապես իր կաշին փրկելու մոլուցքով տարված արհեստական մոնոպոլիաների դեմ պայքարը, փաստացի վերածվել է օլիգարխների շահերի պաշտպանության գրասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուղղակի մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պետք է կատարվի արհեստական շնչառության ապարատին միացված հայաստանյան տնտեսության հետ, որ գործադիրն, ի վերջո, անի այն, ինչի համար կոչված է, և ինչի համար մարդիկ աշխատավարձ են ստանում:
Գևորգ Աղաբաբյան