Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը լրագրողներին ներկայացրեց քաղաքում անձրևային հեղեղումների արդյունքում ստեղծված վիճակն ու կատարվող աշխատանքները: Նա նշեց, որ, այսօրվա դրությամբ, Արթիկում աշխատում է 3 միավոր ծանր տեխնիկա` էքսկավատորներ, և 8 բեռնատար մեքենաներ:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք այդ տեխնիկան բավարար է վնասի հետևանքները վերացնելու համար, Արթիկի քաղաքապետը պատասխանեց, որ որոշակի քառակուսի մետրի վրա հնարավոր չէ խիտ տեխնիկա օգտագործել, քանի որ կսկսեն խանգարել մեկը մյուսին: «Դեռևս մի 20 օր կտևեն աշխատանքները»,- ասաց Արսեն Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ սելավատարը ժամանակին չի մաքրվել, որ նման խնդիր է առաջացել, նա պատասխանեց, որ ինքն ունի համապատասխան փաստեր, տեսագրություններ, որոնք ապացուցում են, որ հեղեղատարի հունը եղել է մաքուր: Հեղեղատարը չի կարողացել տանել հեղեղման ծավալները, որովհետև շատ երկար տարիների ընթացքում թափոնները կուտակվել են Արթիկից դուրս` ձորակներում, և աննախադեպ տեղումները լվացել-քշել ու Արթիկ են հասցրել այդ թափոնները:
«Սելավատարները չեն կարողացել տանել այդ ծավալի թափոնները, թե չէ ամեն տարի սելավատարի մաքրումներ իրականացվել են»,- ասաց Արթիկի քաղաքապետը:
Իսկ թե ո՞վ է պատասխանատու այդ թափոնների կուտակման համար, Արսեն Աբրահամյանը նշեց, որ խոսքը գնում է տասնյակ տարիների մասին` թափոնները սկսել են կլուտակվել 1930-ական թվականներից: Նրա խոսքով` այդ տարիներին անհրաժեշտ էր, որ տուֆն արդյունահանելուց հետո թափոնները ծածկվեին բնական հողով, սակայն, ցավոք, այդ տեխնոլոգիան չի պահպանվել:
Լրագրողների մոտ առաջացավ հաջորդ հարցը` թափոնների վտանգի մասին ժամանակին որևէ մեկը բարձրաձայնե՞լ է: Քաղաքապետը պատասխանեց, որ 3 տարի առաջ ինքը համապատասխան գրություն է ուղարկել պատկան մարմիններին այդ վտանգի մասին, որ պետք է սելավատարներում վերականգնողական ու պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացվեն: Խոսքը վերաբերել է 350 միլիոն դրամի, սակայն գումարների սղության պատճառով այդ բնույթի աշխատանքներ չեն տարվել: «Ակնհայտ է, որ այդ գումարով հնարավոր կլիներ նորոգել սելավատարները, բայց, այս պահի դրությամբ, այս աղետից հետո, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ գումարներ պետք կլինեն»,- ասաց նա:
Քաղաքապետը կարծիք հայտնեց, որ հեղեղումների վտանգ դեռ կա: Նրա խոսքով` այդպիսի հեղեղում Արթիկում դեռևս չէր եղել. ժամերով կարկուտ էր տեղացել սարերում: