Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական Habertürk լրատվակայքը ներկայացնում է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այսպես` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը: «ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու միավորված ենք ահաբեկչությունների բոլոր տեսակների դեմ պայքարում»,- գրել է նա:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունից սարսափի մեջ եմ: Ֆրանսիան թուրքերի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան թուրք ժողովրդի կողքին է և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ տեղի ունեցածը սարսափելի է:
Եվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է. «ԵԽ անդամ Թուրքիան դարձյալ ապրում է մահացու ահաբեկչական գործողության ցավը: Այս դժվարին պահին մենք ձեզ հետ ենք»:
Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը օգնության պատրաստակամություն է հայտնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է անհրաժեշտ է ուժեղացնել տարածաշրջանային և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հաղորդագրություն է հղել Թուրքիայի նախագահին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ:
Ցավակցական և ահաբեկչությունը դատապարտող հայտարարություներով են հանդես եկել նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, Ավստրալիայի վարչապետ Մեկքոլմ Թուրնբալը, Ալբանիայի արտգործնախարար Դիտմիր Բուշատին, Հունաստանի ԱԳՆ-ն, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը, Նիդեռլանդների ԱԳՆ-ն, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը, Սաուդյան Արաբիայի արքա Սելման բին Աբդուլազիզը, Ինդոնեզիայի և Սինգապուրի, Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած 3 հաջորդական պայթյունների հետևանքով 36 մարդ է զոհվել, ևս 147-ը վիրավորվել է: