Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 24-ին հանդիպել է երեխաների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման հիմնական նպատակը ոլորտում ընթացող շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված հարցերի քննարկումն է:
Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել գործընկերների ջանքերը երեխաների ոլորտի բարեփոխումների ծրագրի ընթացքին աջակցելու համար:
«Մեծ ծավալի աշխատանք է իրականացվել և այժմ թևակոխել ենք մի կարևորագույն փուլ, երբ պետք է համատեղ որոշենք ծրագրի ուղղությամբ իրականացվող մեր քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը:
Երեխաների պաշտպանությանն ուղղված մի շարք օրենսդրական կարգավորումներ են ներդրվել: Մեր հաջորդ քայլը ընդունված իրավական ակտերի՝ գործնականում կիրառումն է, որի իրագործմանը պետք է ուղղվեն ոլորտում շահագրգիռ դերակատարների ջանքերը»,- ասել է նախարարը:
Հանդիպմանը ներկա ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը իր հերթին գոհունակություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության որդեգրած քաղաքականությունից, իրականացվող ծրագրերից, և հույս հայտնել, որ գործընթացները համաչափ զարգացում կստանան նաև Հայաստանի բոլոր մարզերում:
Փորձագիտական խմբի կողմից հանդիպման ընթացքում ներկայացվել է վերակազմակերպվող հաստատության երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վերագնահատման արդյունքերը: Այնուհետև, քննարկվել է խնամքի հաստատության յուրաքանչյուր երեխայի տուն վերադարձի դեպքում համայնքներում անհրաժեշտ առկա ծառայությունների և ռեսուրսների կարևորությունը:
Ներկայումս վերակազմակերպման գործընթացում է Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որը վերակազմակերպվելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի կնպաստի համայնքում խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաների և ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական և այլ խնդիրների հաղթահարմանն ու աջակցությանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ, ՅՈՒՆԻՍԵՖ, «Սեյվ դը չիլդրեն», Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակների, Երեխաների աջակցության կենտրոնի և «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին