կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 15:20
Մշակույթ

Փորձել եմ բացահայտել խնդիրներ հարուցող երեխաների խնամքի տան «գաղտնիքը». Մարկ Բրումունդ

Փորձել եմ բացահայտել խնդիրներ հարուցող երեխաների խնամքի տան «գաղտնիքը». Մարկ Բրումունդ

Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրումունդը նշեց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է:

1968-ի մայիս. «Rolling Stones», հոլիդեյ տաբատներ, կարճ շրջազգեստներ, սեքսուալ հեղափոխություն, ցույցեր ընդդեմ վիետնամական պատերազմի. մինչ Գերմանիան պատրաստվում է ազատության նոր դարաշրջանին, 14-ամյա ըմբոստ Վոլֆգանգին ուղարկում են Ֆրայշտաթ՝ խնդիրներ հարուցող երեխաների խնամքի տուն: Այնտեղ նա պետք է «դաստիարակվի» և օրինավոր տղա դառնա: Վոլֆգանգը վճռական դիմադրություն է ցույց տալիս աշխատանքային բիրտ պայմանների և դաստիարակների նենգ կրթական մեթոդների դեմ՝ թույլ չտալով իրեն կոտրել:

«Ֆիլմը միայն Գերմանիայի մասին չէ, այն բնորոշ է բոլոր փակ հասարակարգ ունեցող պետություններին: 2009-ին մի հոդված կարդացի, հետո արդեն մի գիրք գտա` ռեֆորմիստական դպրոցների մասին: Գրքում գրված էր, որ տղաներին ուղարկում էին ճահիճներում աշխատելու, հիշեցի, որ մենք էլ էինք գնում նման աշխատանքներ կատարելու: Երբ մտածեցի, թե ինչքան վատ են վարվում այդ տղաների հետ, ցնցվեցի: Հետո որոշեցի գնալ այդ վայրը և ֆիլմ նկարահանել: Ինձ ասում էին` ի՞նչ ֆիլմ է սա` միայն ֆիզիկական ու հոգեբանակն ցավ է ներկայացնում, բայց, միևնույնն է, ես այն կյանքի կոչեցի»,-ասաց Բրումունդը:

Ռեժիսորին հաջողվել է հանդիպել վկաների, դպրոցի զոհերի հետ: Ըստ նրա` Գերմանիայում կային դպրոցներ, որոնք շատ խիստ էին վերաբերվում երեխաներին, և ինքն ուզում էր բոլորին պատմել այդ մասին, քանի որ նույնիսկ Գերմանիայում չգիտեն այդ դպրոցներում տիրող իրավիճակի մասին:

Ի դեպ, «Սրբարանը» Բրումունդի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է: