Կառավարության, նախարարությունների, նրանց ենթակա պետական այլ մարմինների կառուցվածքային փոփոխությունները (միաձուլում, միացում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում, գործունեության դադարեցում) շարունակական, բայց միաժամանակ բարդ ու պատասխանատու գործընթաց են: Դրանց արդյունքում կարող են ձևավորվել նոր մարմիններ կամ, հակառակը, դադարեցվեն տարիներ շարունակ գործող պետական մարմինների (ստորաբաժանումների) գործունեությունը:
Խնդիրն առաջին հայացքից կարող է թվալ պարզ գործողությունների մեխանիկական հաջորդականություն՝ տվյալ մարմնի գործունեությունը դադարեցվեց, իսկ նրա գործառույթները վերապահվեցին այլ մարմնի: Ամեն ինչ իսկապես կարող էր շատ պարզ թվալ, եթե չլիներ մեկ շատ կարևոր հանգամանք՝ վերակազմակերպվող մարմինների/ստորաբաժանումների աշխատակիցների հետագա գործունեության խնդիրը: Դրան դեռևս կանդրադառնամ:
Ընդհանրապես պետական մարմինների վերակազմակերպումը կարող է իրականացվել ըստ տարբեր նպատակահարմարությունների՝ քաղաքական, անձնական, ծառայությունների որակի բարելավման և այլն:Կամ էլ տվյալ մարմնի առջև դրվել են այնպիսի նոր խնդիրներ, որոնք անհնար է իրականացնել առանց վերակազմակերպման
Անկախ դրդապատճառներից, կառուցվածքային փոփոխությունների իրականացման դասական ճանապարհը խնդրո առարկայի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումն ու հաստատումն է, որում ամրագրվում են.
առկա իրավիճակը և իրականացվող քայլերի հրատապ անհրաժեշտությունը,
վերակազմակերպման բուն գործընթացը և գործառույթների վերաբաշխման նոր մոտեցումը,
իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը,
վերակազմակերպվող մարմինների/ստորաբաժանումների մարդկային ռեսուրսի (աշխատակիցների) բաշխումը՝ տեղափոխություն, փոխադրում և այլն:Հատկապես կարևորվում է աշխատանքային ռեսուրսների վերաբաշխման մարդկային և մասնագիտական կողմերը:
Ի թիվս այլ մարմինների, վերակազմակերպման գործընթաց է իրականացվում նաև սոցիալական պաշտպանության ոլորտում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական մարմինը, երկու գործակալություն և մարզային (որոշ դեպքերում՝ համայնքային ենթակայության) սոցիալական ծառայությունները մեկտեղվում են մեկ մարմնում՝ Միասնական սոցիալական ծառայությունում: Ընդ որում, ներկա պահին չկարողացա պարզել, թե վերակազմակերպման որ տեսակն է ընտրված՝ միացում, միաձուլում թե՝ այլ:
Անկախ վերակազմակերպման եղանակից, հարկ է նկատել, որ սոցիալական պաշտպանության ոլորտը, իրեն հատկացված ֆինանսական ահռելի միջոցներով՝ ավելի քան 500 մլրդ. դրամ (պետության բյուջեի մոտ 30 տոկոսը) իրականացնում է այնպիսի ծախսեր, որոնք միտված են բնակչության խոցելի խավերի կարիքների բավարարմանը՝ կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, նպաստ ստացող ընտանիքներ, զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկներ և այլն: Մոտավոր հաշվարկով՝ շուրջ 1 մլն. քաղաքացի:
Հիմա բուն հարցի մասին: Վերակազմակերպման ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի երկարամյա, փորձառու, ինստիտուցիոնալ հիշողության կրող բազմաթիվ աշխատակիցներ չեն վերանշանակվում իրենց պաշտոններում: Լավագույն դեպքում նրանց առաջարկվում է ավելի ցածր պաշտոն: Օրինակ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին լավագույն դեպքում առաջարկվում է նոր ձևավորված միասնական կենտրոններում դիմումներ ընդունողի հաստիք: Ցավոք, գործող օրենսդրությունը տալիս է նման հնարավորություն:
Որոշումները կայացվում են հարցազրույցների արդյունքում: Ընդ որում, այդ հարցազրույցները վարում և որոշումներ են կայացնում այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամիսներ առաջ չգիտեին, թե ինչ է սոցիալական պաշտպանության ոլորտը, իսկ սոցապի մասին լավագույն դեպքում լսել էին իրենց ծնողների ու պապիկ-տատիկների կենսաթոշակ ստանալով:
Նայում եմ նոր ձևավորվող տարածքային կենտրոնի պետին ներկայացվող պահանջները՝ պաշտոնի անձնագիրը, ըստ որի պահանջվում է՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
ՈՒշադրություն, «ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառի»: Կարդացիք, հավանաբար հասկացաք, թե քամին որ կողմից է գալիս: Եթե էլի չընկալեցիք, ապա կարդացեք որոշների կենսագրությունն ու վերջին տարիների գործունեության ոլորտը:
Որքանով հասկանում եմ, իրականացվող վերակազմակերպումը ընդգրկելու է ոչ միայն ստորաբաժանումների ղեկավարներին, այլև մասնագիտական պաշտոններում աշխատող բազմաթիվ աշխատակիցների՝ դիմում ընդունողներ, խորհրդատուներ, կենսաթոշակ նշանակողներ, սոցիալական դեպք վարողներ և այլն:
Լավ չի ընկերներ: Տղաներ և աղջիկներ:
Մարզերից մարդկանց կանչել մայրաքաղաքի կենտրոն, ժամերով սպասեցնել, կտրել աշխատանքից, քասթինգ անել, անորոշության մեջ հետ ուղարկել աշխատանքի, հետո….ազատել աշխատանքից:
Լավ չի:
Վերակազմակերպման հետևանքով աշխատանքից զրկված բոլոր գործընկերներիս մաղթում եմ առողջություն, նոր հաջողություններ: Դրանք անխուսափելիորեն Ձերն են:
Այն նախկին գործընկերներս (դրանք թվով շատ քիչ են) որոնք ներկա պահին զբաղեցնում են ելակետային պաշտոններ և հնարավորություն ունեն ազդելու անարդարացի որոշումների վրա՝ լուռ կերպով մի համակերպվեք անարդարացի երևույթներին: Կրկին ներկայացրեք տեսակետ, որոշում կայացնողներին ևս մեկ անգամ հիշեցրեք գործընկերոջ մարդկային և մասնագիտական որակների մասին:
Դուք նրանցից մեկն եք:
Իսկ ով կարող էր մի բան անել, բայց չարեց, հիշե՛ք, վաղը դուք եք դառնալու անարդարության զոհ:
Վաղը ձեր հետ նույն կերպ են վարվելու, որովհետև այդպես ձեզ դուր եկավ:
Այսքանը:
Մինչ արժանապատիվ հանդիպում, որն ավելի մոտ է, քան մենք կարծում ենք»: