Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
ԼՂ հիմնահարցի շուրջ գործընթացները սկսել են ծավալվել գլխապտույտ արագությամբ: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Թե ո՞րն է այցի նպատակը, հայտնի չէ: ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չի նշվում: Կասկած չկա, սակայն, որ այն պայմանավորված է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով:
Այսօր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքները, ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության եկել ԼՂ հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերն այդ ուղղությամբ եկել են համաձայնության»,- ըստ ադրբեջանական այդ աղբյուրների` նշել է Մամեդովը:
Պաշտոնական Երևանն այս հայտարարությանն արդեն արձագանքել է: «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողովներում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար»:
Սանկտպետերբուրգյան հայտարարության մեջ, սակայն, հիշեցնենք, Նալբանդյանի կողմից` որպես բանակցությունների նախապայման ներկայացվող՝ Ադրբեջանի կողմից կատարվելիք միջոցառումներից նշել է միայն միջազգային դիտորդների ավելացման մասին: Բացի դրանից, պայմանավորվածությունների մասով այնտեղ գրված է, որ նախագահները փաստել են «մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»: Այլ կերպ ասած՝ եռակողմ հայտարարության մեջ խոսվում է ոչ միայն ձեռք բերված «փոխըմբռնման» մասին, այլ նաև դրանց «լուծման» արդյունքում կարգավորմանը հասնելու հնարավորության: Այլ հարց է՝ որքանով է այդ «փոխըմբռնումը» վերաբերում հակամարտության վերջնական հանգուցալուծմանը, ինչի մասին «Արմենպրես»-ին ասում է Նալբանդյանը: Հարկ է նկատել, որ առ այսօր պաշտոնական Երևանը դեռևս չի հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ են Սարգսյանն ու Ալիևը եկել «փոխըմբռնման», ինչի ֆոնին է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունները դառնում են ուշագրավ:
Տարօրինակ զուգադիպությամբ այսօր բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ հետաքրքրական հայտարարություն է արել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն: Նա ասել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միջնորդ հանդիսանալով կողմերի միջև, կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման և հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, արդեն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը»,- ըստ panarmenian.net-ի՝ նշել է Բուշեն: Տարօրինակ է, որ նախագահների նոր հանդիպման նախաձեռնությամբ Ֆրանսիան հանդես է գալիս սանկտպետերբուրգյան բանակցություններից բառացիորեն մեկուկես օր անց, երբ թվում է՝ կողմերը դեռ նույնիսկ հասցրած չպետք է լինեին ամփոփել դրա արդյունքները:
Ինչո՞վ բացատրել նախ` նախագահ Սարգսյանի այցը Ստեփանակերտ, ապա` Ֆրանսիայի կողմից նոր հանդիպում կազմակերպելու շտապողականությունը: Վերջինս տրամաբանական է թվում երկու հնարավոր տարբերակների պարագայում` կա'մ Սանկտ Պետերբուրգում, միջնորդ երկրների տեսանկյունից, մի այնպիսի լուրջ առաջընթաց կամ ճեղքում է տեղի ունեցել, որ նրանք չեն ցանկանում հետաձգել դրա զարգացումն ու ամրագրումը, կա'մ` հակառակը՝ խնդիր է դրվել որքան հնարավոր է շուտ չեզոքացնել այդ «առաջընթացի» էֆեկտը, որին ԵԱՀԿ-ն և ՄԽ մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը դրական էր գնահատել նախագահների հանդիպման արդյունքները՝ իր հերթին շեշտելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Մեկ բան ակնհայտ է` եթե Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից գրեթե անմիջապես հետո ուղևորվում է Ստեփանակերտ, ուրեմն առաջացել է ԼՂՀ իշխանությունների հետ խորհրդակցելու հրատապ, գուցե անհետաձգելի անհրաժեշտություն: Այս ֆոնին պակաս կարևոր չէ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը պաշտոնական Ստեփանակերտի արագ արձագանքը: Արցախի վարչապետ Արա Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ստեփանակերտը պահանջում է վերականգնել բանակցային գործընթացին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության ձևաչափը: Ըստ tert.am-ի՝ նա մասնավորապես ասել է. «Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, որին Ադրբեջանը համաձայն չէ: ...Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության` չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ որոշվում է անմիջականորեն Ղարաբաղի հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակին: ...Քանի որ ղարաբաղյան կողմը դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին` որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկ, ինչպես ես արդեն նշել եմ, դատապարտված է ձախողման»: Վերջին միտքը ԼՂՀ վարչապետն արտահայտել է՝ ի պատասխան լրագրողի`՝ այսպես կոչված «Լավրովի» ծրագրի առկայության մասին հիշեցման և 5 շրջան հանձնելու վերաբերյալ խոսակցությունների:
Ստեփանակերտը նկատելիորեն կոշտացրել է տոնը՝ սկսելով հանդես գալ, մի կողմից, պահանջողի դիրքերից, մյուս կողմից` ուղղակի սպառնալով ձախողել առանց իր մասնակցության կայացվող ցանկացած որոշում, առավել ևս` երբ դրանք վերաբերում են տարածքների հանձնմանը կամ խաղաղապահների տեղակայմանը:
Այս իմաստով իրավիճակը խիստ տագնապահարույց է՝ մի կողմից` ԼՂ հարցով որոշակի լուծումների պարտադրման կասկածների սրման, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև հնարավոր հակասությունների առաջացման առումով: Ստեղծված այս նոր իրավիճակը, ԼՂ հարցի շուրջ գործըթնացների այս մրրիկն օբյեկտիվորեն առաջացնում են Երևանի կողմից հնարավորինս արագ պարզաբանումներով հանդես գալու անհրաժեշտություն, քանի դեռ այս ամենը խուճապի տեղիք չի տվել:
Գևորգ Դարբինյան