կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 15:37
Քաղաքական

Մարգարիտ Եսայանը նիստից բացակայող պատգամավորներին հիշեցրեց աշխատավարձի մասին

Մարգարիտ Եսայանը նիստից բացակայող պատգամավորներին հիշեցրեց աշխատավարձի մասին

Այսօր Ազգային ժողովում շարունակվում էր արտահերթ նստաշրջանը: Եվ քանի որ նիստերի դահլիճը գրեթե դատարկ էր, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կանգ առավ հենց այդ հարցի վրա:

«Հարգելի' խորհրդարան, հումորով եմ ասում` հարգելի' խորհրդարան, որովհետև ինձ թվում է` մի տեսակ կիրակնօրյա մթնոլորտ է տիրում այսօր մեր խորհրդարանում: Լավ կլիներ, որ իրենց աշխատասենյակներում կամ գուցե ուրիշների աշխատասենյակներում տքնաջան աշխատող մեր օրենսդիր գործընկերները բոլորը ներկա լինեին խորհրդարանի դահլիճում, քանի որ այն աշխատավարձը, որ մենք ստանում ենք, ստանում ենք հարկատուների հաշվին, և մեր աշխատանքային պարտականությունն է աշխատանքներին ներկա լինել ոչ միայն հերթական նստաշրջանում, այլ նաև` արտահերթ»,- ասաց նա:

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, և ինքը կուզեր, որ խորհրդարանն իր վերաբերմունքը ցուցաբերեր այդ առթիվ, նույնիսկ` առավոտյան ծափահարեին: Պատգամավորը նկատի ուներ Հռոմի պապի սպասվող այցը Հայաստան:

«Մենք պետք է ուղղակի հպարտանանք այս հայտարարությամբ, փորձենք արժանի լինել այս հայտարարությանը՝ որպես պետություն, երկիր, որպես օրենսդիր մարմին, որպես շարքային քաղաքացի, որովհետև իրականում տեղի է ունենում պատմական իրադարձություն»,- ասաց նա և նշեց, որ համայն աշխարհին Հռոմի պապը հայտարարեց, թե ով է հայը, ինչ է Հայաստանը, և ինչու է ինքը գալիս Հայաստան:

Պատգամավորի խոսքով՝ մթնոլորտը նախընտրական է քաղաքական նորաստեղծ, նորելուկ, նորածին կուսակցությունների համար, և դրա վառ ապացույցն է վարման կարգի վերաբերյալ իրարից խոսափողը խլող այն ակտիվ մթնոլորտը, որը լինում է նիստը սկսելու առաջին 30 րոպեներին:

Մարգարիտ Եսայանի տարակուսանքն է առաջացնում այն, որ որոշ ընդդիմադիր գործընկերներ իրար հետ փորձում են մրցել, թե ով է ավելի ընդդիմադիր: «Մի' անհանգստացեք, այն դափնին, ոը տրվում է ընդդիմադիր քաղաքական ուժին, ինքը կգտնի այն գլուխը, որի վրա կբազմի, պետք չէ յուրաքանչյուրն իր գլուխը առաջ խցկի, թե` ես ավելի ընդդիմադիր եմ: Այսպես քաղաքականություն չեն անում, այսպես ավելի ծիծաղելի է»,- ասաց նա:

Ըստ Եսայանի՝ եթե ինքը մի երգ երգեր, ավելի ուրախությամբ կլուսաբանվեր, քան այս լռությունը: «Երևի ճիշտ կլինի, որ երբեմն- երբեմն ինքներս մեզ արթնացնելու համար երգենք որևէ երգ, որ շատերը հասկանան` որտեղ են գտնվում, ինչու են գտնվում»,- ասաց նա և նշեց, որ ինքը շատ վատ է երգում և եթե երգի, խորհրդարանում որոշ թռչուններ կհայտնվեն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, թե երգելու համար այլ ամբիոններ կան: