Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակվել է ՄԱԿ-ի 2016 թ.-ի հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ ամսի դրությամբ ապրում է 2 միլիոն 994 հազար մարդ: Ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է, և եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն, այն, բնականաբար, էլ ավելի կնվազի:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժողովրդագրական այդ ցուցանիշը ցուցիչը չէ տարիներ շարունակ ձգվող անարդյունավետ քաղաքականության, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ թեև ՄԱԿ-ի հրապարակած ցուցանիշները ուրախացնող չեն, այնուամենայնիվ, մարդու` այլ տեղում ապրելը կամ աշխատելը տվյալ մարդու որոշումն է:
«Այլ հարց է, որ երկրի ներսում տնտեսական զարգացումները, սոցիալական քաղաքականությունը պետք է լինեն այնպիսին, որ քաղաքացիները չցանկանան մեկնել այլ երկրներ` ապրելու և աշխատելու: Բայց համաձայնեք, որ նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում քաղաքացիները տեղաշարժվում են, գնում են այլ երկրներ` ապրելու ու աշխատելու»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը,որ դա նմանվում է մարդաթափության, այլ ոչ` տեղաշարժի, Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց: «Դա մարդաթափում չէ, դա տեղաշարժ է, մարդիկ գնում են` այլ տեղերում ապրելու, աշխատելու: Այսօր մի հաղորդում էի դիտում, որտեղ մի ֆրանսիացի տեղափոխվել է ԱՄՆ` ապրելու, քանի որ իր աղջիկը ցանկանում է աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Այն, որ ունենք դեմոգրաֆիական խնդիր, դա անառարկելի է»,- ասաց նա:
Մարգարիտ Եսայանը խոստովանում է, որ այդ ժողովրդագրական խնդրի մեջ կա բոլորի մեղքը, և պետք է լրջորեն մտածել: Այնուամենայնիվ, «իշխանությունների մեղքով» ասվածը շատ հարաբերական է` ըստ ՀՀԿ-ական պատգամավորի: «Մարդկանց` այլ տեղ ապրելու և աշխատելու իրավունքը համամարդկային իրավունք է»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Հարցին, թե կա՞ որևէ առաջարկ` ուղղված կառավարությանը` այդ դեմոգրաֆիական խնդիրը լուծելու համար, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Այն, ինչ պետք է առաջարկեմ, բոլորս ենք առաջարկում, և կարծում եմ կառավարությունն է դա գիտակցում, որ տնտեսությունը պետք է զարգանա, տեղական արտադրողը պետք է զարգանա»: