կարևոր
1183 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 13:56
Քաղաքական

ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան

ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ .... Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:

Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:

Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:

Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»: