Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես տվեց ՀԱԿ-ի կազմաքանդման մեկնարկը. «Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության»,- ասում է առաջին նախագահը և իբրև միակ տրամաբանական լուծում` առաջարկում ՀԱԿ-ը վերածել կուսակցության:
Կոնգրեսն իսկապես կանգնել էր բովանդակային ու կառուցվածքային լուրջ վերափոխումների անհրաժեշտության առջև: Ազնիվ կամ անազնիվ մղումներով ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումները, մեծ ու փոքր բեկորների անընդհատ առանձնացումները, դրված նպատակի շրջանակում դրսևորած գրեթե կատարյալ անգործության պատճառով ինքնըստինքյան առաջին պլան մղվող գաղափարական ու մարտավարական ներքին հակասությունները, առանձին անձանց մոտ գլուխ բարձրացրած անթաքույց ամբիցիաների բախումը պարալիզացրել էին նախկին այս հզոր քաղաքական օրգանիզմը և գործնականում այն դարձրել անկառավարելի:
Այս իմաստով ՀԱԿ-ը վերափոխելու` Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը ոչ միայն տեղին էր, այլև ինչ-որ իմաստով ուշացած: Սակայն, իբրև լուծում, Կոնգրեսը կուսակցության վերածելու տարբերակն ակնհայտորեն ամենահաջողը չէ, եթե չասենք` ամենաանհաջողը, որքան էլ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, թե նման «զարգացումն» իր համար տեսանելի է եղել դեռեւս 2008թ.` համաժողովրդական շարժումը Կոնգրեսի վերածելու պահին: Որովհետև այն իրողությունները, որոնց պայմաններում նա փորձում է կուսակցականացնել ՀԱԿ-ը, բոլորովին էլ բնական հասունացման արդյունքներ չեն: Ընդհակառակը` այս տարբերակը նա հիմա փորձելու է իրականացնել ստիպված` ոչ թե ՀԱԿ-ը զարգացնելու, այլ այն կործանումից ուղղակի, հուսահատորեն փրկելու մղումով:
2008-ին ՀԱԿ-ը կուսակցության վերածվելու համար նա բերում էր երկու հիմնական նախադրյալ` առաջին` որ դա լինելու է համատեղ գործունեության բնական հանգուցալուծում, և երկրորդ` որ դա լինելու է գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման հետևանք: Այս նախադրյալներից և ոչ մեկը այսօր առկա չէ: ՀԱԿ-ում առհասարակ չի մնացել համատեղ գործունեության որևէ հարթակ և մոտիվացիա, իսկ կուսակցության վերածվելու գաղափարը բերվել է ոչ թե դիրքորոշումների մերձեցման հիման վրա, այլ միայն առաջնորդի կողմից ՀԱԿ-ին փաստացի պարտադրվելու եղանակով: Այս միավորման մեջ ընդգրկված ուժերին, փաստորեն, Տեր-Պետրոսյանը կանգնեցնում է փաստի առջև` կա'մ ընդունում են իր առաջարկությունը, և յուրաքանչյուրն, իր հերթին, վերակազմակերպման միջոցով տարրալուծվում այս նոր կուսակցության մեջ, կա'մ հեռանում են Կոնգրեսից` չխանգարելու վերակազմավորման գործընթացին:
Կուսակցությունը դաշինք չէ: Ի տարբերություն դաշինքի` այն տիպիկ քաղաքական միավոր է: Կոնգրեսն իր ներկայիս կառուցվածքային կառավարչական ներկապնակով կարող էր անհրաժեշտ պահին կրկին վերածվել քաղաքական-հասարակական շարժման, և հենց այդ նկատառումով էլ ընտրվել էլ ներկայիս մեխանիզմը: Կուսակցությունը դա անել չի կարող: Այն ընդամենը կարող է նման շարժման մասնիկը դառնալ, առաջնորդել այն կամ առաջնորդվել:
Այսպիսով` Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվում է շարժումային քաղաքականությունից և պրոցեսը տեղափոխում պարզ միջկուսակցական հարաբերությունների հարթություն: Սա նաև անուղղակի խոստովանություն է առ այն, որ, չնայած ընդդիմադիր դաշտը կլանելու հավակնություններին, ՀԱԿ-ն ի սկզբանե ընդամենը սովորական քաղաքական դաշինք էր` ստեղծված բացարձակապես ապագաղափարական, զուտ դրանում ընդգրկված ուժերի հանգրվանային տակտիկական շահերի համընկնման հենքի վրա: Այն պնդումը, թե նոր կուսակցությունը դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, ընդամենը փոքրիկ հնարանք է` գոնե փորձելու ստեղծել ՀԱԿ-ի լիբերալ և սոցիալիստական ուժերի փոխըմբռնման, ինտեգրման միջավայր:
Հայաստանն ԱՄՆ չէ, և ոչ էլ ՀԱԿ-ն է իր գոյության ընթացքում ստեղծել նման ներդաշնակեցման ավանդույթներ: Եթե Տեր-Պետրոսյանը կարող է իրեն թույլ տալ որոշում կայացնել ՀՀՇ-ի փոխարեն և հանուն նոր կուսակցության զոհել այն, ապա ինչպե՞ս նա կարող է նույնն անել ձախակողմյան ՀԺԿ-ի և հատկապես` իր ինքնույնությունն արժեք համարող ՍԴՀԿ-ի փոխարեն, եթե անգամ անտեսենք ՀԱԿ-ի մյուս գաճաճ դերակատարներին: Կամ` ինչպես են վերջիններիս լիդերները կարողանալու հանուն նոր ստեղծվելիք ինչ-որ կազմակերպության` զոհել իրենց կուսակցությունների ինքնուրույնությունը, հանուն ինչի՞: Եթե հանուն «ավազակապետական իշխանության ապամոնտաժման կամ կազմաքանդման, իշխանափոխությա», ինչպես ուզում է համոզել Տեր-Պետրոսյանը, ապա ի՞նչն էր խանգարում դրանց հասնել ՀԱԿ-ի` դաշինքի կարգավիճակով: Չէ՞ որ 2008-ին հատկապես այս իրավակազմակերպչական ձևն էր ընդունվել, որովհետև դա էր համարվել դրված այդ նպատակներին հասնելու լավագույն միջոցը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե ՀԱԿ-ը կուսակցականացնողները կարողանան տալ: Մինչդեռ նրանց համար սա Տեր-Պետրոսյանի, հատկապես` վերջին 2 տարիներին թույլ տված կոպիտ սխալները կոմպենսացնելու միջոց է: ՀԱԿ-ի փլուզումը այն գինն է, որը առաջնորդը վճարում է անգամ յուրայինների համար չհիմնավորված` իր միանձնյա հակասական որոշումների դիմաց: Դժվար թե Տեր-Պետրոսյանը չի գիտակցում, որ դաշինքը կուսակցության վերածելը ցանկացած պարագայում ենթադրում է լրջագույն կորուստներ, իսկ այս դեպքում ուղղակի հղի է Կոնգրեսի վերջնական փլուզման վտագով: Պարզապես առկա իրավիճակում, երբ կառույցում ստեղծված իրադրության հիմնական պատասխանատուն մնում է անձամբ ինքը, չի կարող մի կողմ քաշված մնալ: Բոլորը նրանից կոնկրետ գործողություն, քայլեր են ակնկալում: Նա էլ, այսպիսով, ցույց է տալիս, որ անում է այդ քայլերը: Կստացվի՞` հիանալի է, շահած դուրս կգա ինքը, կրկին կհայտնվի թամբած ձիու մեջքին: Չի՞ ստացվի` պատասխանատու, ավելի ճիշտ քավության նոխազները կդառնան այն ուժերը, որոնք, չընդունելով «փրկության» նրա առաջարկը և նախընտրելով պահպանել սեփական դեմքը, իրենց ինքնամեկուսակցմամբ փաստացի կվիժեցնեն այս գաղափարը: Գուցե հենց այս ակնկալիքով է Տեր-Պետրոսյանն ընտրել եղած տարբերակներից, փաստորեն, ամենաանհաջողը: Գուցե սա ՀԱԿ-ը, դրա հետ նաև սեփական անձն աստիճանաբար քաղաքական արենայից հանելու պլանի վերջին ակորդնե՞րն են: Եթե` այո, ապա սա հիշեցնում է գերեզմանի տապանաքարի պատվիրում` երբ պոտենցիալ հանգուցյալը դեռ կենդանի է:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ