Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց, թե հարկային օրենսգրքի մասով ինչպիսի՞ փորձ կա աշխարհում: Պատգամավորը խիստ կասկածում էր, որ այլ երկրների հարկային օրենսգիրքը բաղկացած լինի 700 էջից: Մկրտիչ Մինասյանը հիշեց Սինգապուրի վարչապետերից մեկին, ով տնտեսությունը զարգացրեց՝ ունենալով մեկ սկզբունք՝ հնարավորինս մեղմացնել ֆիսկալ քաղաքականությունը: «Մեր այս նոր հարկային օրենսգրքով արդյո՞ք գնում ենք այդ ճանապարհով»,- հարցրեց նա:
Պատգամավորը հարցրեց շրջանառության հարկի մասին` ասելով, որ մեկ տարի առաջ բուռն քննարկումների ու պահանջների արդյունքում որոշվեց շրջանառության հարկի շեմը բարձրացնել 58-ից մինչև 110 միլիոն դրամ: Հիմա էլ նախատեսվում է իջեցնել մինչև 40 միլիոն դրամ: «Ինչո՞ւ է այդպես»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ մտահոգվելով ՓՄՁ զարգացման համար:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ հարկային նոր օրենսգիրքը ծավալուն է ստացվել, քանի որ ներառվել են հարկային ոլորտի բոլոր կարգավորումները, որոնք կբացառեին հարկային մարմինների հայեցողական մոտեցումները: Օրենսգիրքը նախատեսում է հարկային բեռի վերաբաշխում, առաջարկվում են ազատականացումներ` ԱԱՀ-ի հետ կապված, ակցիզային հարկի մասով և այլն: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմի փոփոխությանը, Վախթանգ Միրումյանի խոսքով՝ 45 հազար տնտեսվարող գործում է մինչև 40 միլիոն դրամ շրջանառության գոտում:
«Հարց է առաջանում` իրակա՞ն պատկերն է դա, թե՞ ոչ: Պրակտիկան ցույց է տալիս, շրջանառության շեմը կլինի 110 միլիոն դրամ, թե 1 միլիարդ դրամ, դա չի հանգեցնելու, որ մեր տնտեսվարողները հայտարարագրեն իրենց շրջանառությունը»,- ասաց նա:
Պատգամավորն արձագանքեց, որ մնում է այն կարծիքին, որ շրջանառության հարկի շեմը պետք է բարձրացվի: