|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշեց, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների և պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան և Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորներն ասացին, որ տպավորված են Արցախ այցելությունից, իշխանությունների և բնակչության հետ հանդիպումներից։ Նրանց բնորոշմամբ` արցախցինները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության և զարգացման գործում։ Նրանք վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը` հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման նպատակով։
Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական և ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։