կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 15:48
Հասարակություն

Ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում կադրային փոփոխություններ են եղել

Ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում կադրային փոփոխություններ են եղել

Ապրիլյան մարտական գործողություններից հետո, ՀՀ նախագահի հրամանով, ՀՀ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, քրեական գործեր հարուցվեցին իշխանությունը չարաշահելու, զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից երեքը կալանավորվել են:

Սակայն մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել ԼՂՀ ՊՆ-ում կատարված պաշտոնանկությունների ու որոշ բարձրաստիճան սպաների քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԼՂՀ ՊՆ-ին` ճշտելու` ապրիլին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո ԼՂՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ եղե՞լ են, թե՞ ոչ:

Ի պատասխան մեր հարցման` ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյան հայտնել է, որ ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում եղել են կադրային փոփոխություններ և վերատեղաբաշխումներ, որոնք պայմանավորված են եղել առկա հնարավորություններն առավել արդյունավետ դարձնելու և, ըստ այդմ, նաև ղեկավարման համակարգը կատարելագործելու անհրաժեշտությամբ:

«Չեմ կարծում, որ տեղի ունեցած կադրային փոփոխություններն ուղղակիորեն պետք է կապել ապրիլյան իրադարձությունների հետ, քանի որ տվյալ գործընթացը մշտական է և իրականացվում է նպատակահարմարության դեպքում: Ավելացնեմ նաև, որ դրանք կրել են ինչպես պաշտոնից ազատման, այնպես էլ պաշտոնի բարձրացման բնույթ: Այնպես որ` ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով և, որ շատ կարևոր է, նպատակաուղղված է բանակի մարտունակության բարձրացմանը»,- հայտնել է Հասրաթյանը:

Իսկ մեր այն հարցին` արդյո՞ք ԼՂՀ ՊՆ որևէ պաշտոնյայի կամ սպայի նկատմամբ ապրիլյան պատերազմից հետո քրեական գործ հարուցվել է, ԼՂՀ ՊԲ պաշտոնյան պատասխանել է. «Ապրիլին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, կապված մարտական խնդիրների կատարման ընթացքում դրսևորած թերացման կամ անգործության հետ, որևէ քրեական գործ չի հարուցվել»: