կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-27 11:09
Հասարակություն

Պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում են 12 հիվանդանոցում, այդ թվում՝ Գյումրիում

Պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում են 12 հիվանդանոցում, այդ թվում՝ Գյումրիում

Այսօր ԱԺ-ում շարունակվեցին 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2015թ. պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 86.1 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 99.8%-ը:

Բաժնի ծախսերի 46.5%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 32.5%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 12.1%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի: Դեղագործական ապրանքների ձեռք բերման ծախսերը կազմել են ավելի քան 2.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 92.9% կատարողական:

Ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց դեղորայքի տրամադրման նպատակով ծախսվել է շուրջ 2.3 մլրդ դրամ` 93%-ով ապահովելով ծրագիրը:

Արտահիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանը տրամադրվել է 28.0 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 99.2%-ով կատարում:

Ավելի քան 7.9 մլրդ դրամ է օգտագործվել մասնագիտացված բժշկական ծառայությունների ձեռք բերման նպատակով` 98.4%-ով ապահովելով ծրագրային ցուցանիշը և 13.8%-ով կամ 960.4 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 3.3 մլրդ դրամ տրամադրվել է շտապ բժշկական օգնության ծառայությունների ֆինանսավորմանը, որը կատարվել է 100%-ով:

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերը կազմել են շուրջ 3.6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 100% կատարողական: Նախորդ տարվա համեմատ` նշված ծախսերն աճել են 11.8%-ով կամ 375.5 մլն դրամով:

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների գծով 2015 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 96.7%-ը:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ հայտնեց, որ պետպատվերով սրտի վիրահատություններ կարող են կատարվել 12 հիվանդանոցում, այդ թվում` նաև Գյումրիում: Նախորդ տարի 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով վիրահատությունից:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրքրվեց, թե, ի վերջո, Հայաստանում ե՞րբ կբացվի ուռուցքաբանության կենտրոնը: «Մարդիկ տուն-տեղ թողնում, գնում են եվրոպաներն, այստեղ ե՞րբ կբացվի»,- հարցրեց նա:

Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում մասնագիտացված ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկան արդեն բերվել է: «Մինչև տարեվերջ կենտրոնը կբացվի»,- ասաց նա: