կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 14:31
Հասարակություն

Երկրապահը մեր ազգային հրաշափառ Տաճարն է, Մանվել Գրիգորյանն՝ այդ տաճարի Քրմապետը. Արզիկ Մխիթարյան

Երկրապահը մեր ազգային հրաշափառ Տաճարն է, Մանվել Գրիգորյանն՝ այդ տաճարի Քրմապետը. Արզիկ Մխիթարյան

Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Արզիկ Մխիթարյանն արձագանքել է ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված քննադատություններին:

SHAMSHYAN.com-ը նրա արձագանքը ներկայացնում է ստորեւ. «Սրտիցս հոսող արյան կաթիլ է դարձել այս օրերին ընթացող անմիտ ու անարժեք քննարկումներն ու անդրադարձներն ուղղված Ղարաբաղյան գոյամարտի Ֆիդայապետ, Արցախի Հերոս, Զորավար, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, որոնցով անխղճաբար ողջ համացանցը հեղեղել են մարդիկ, որոնց մեղք է հայ անվանելը, որոնք ոչ թէ մարդ, այլ մարդուկներ են, ոչ թե հայ, այլ հայատյաց են…Ամոթ է…

Ցավի ու ափսոսանքի, ամոթի ու ցասումի զգացումներ են, որ հաջորդաբար ալեկոծում են հոգիդ ու ըմբոստության մղում… Կանգ առ, Բադասյան ընկեր, չնայած երբևե ցանկություն չի ծնվի որևէ մեկ նվիրյալ հայորդու ընկեր ընտրել մի մարդու, ով երախտագիտության փոխարեն կարող է լուտանք թափել իր իսկ երկրամասի՝ Հադրութի Ձորակի պաշտպանության մեջ անչափելի ավանդ ունեցած Հայոց Զորավարի հասցեին: Բա սկի՞տղամարդ չես… Չեմ փորձի «քննել» թե եղած միջադեպում ով ինչ «մեղքի» չափ ունի: Քավ լիցի:

Սակայն էն գլխից էլ ակնհայտ է քաղաքական ավանտյուրայի երանգը, որն ինչքան էլ Բադասյանը փորձում է վիրավորանք համարել դիրքեր շտապող զինվորների հասցեին, այնուամենայնիվ, նախապես պլանավորված ավանտյուրայի գարշահոտություն ունի: Ո՞վ է խոսում քո հոգում, փոքրոգի մարդ, ու՞մ պատվերն ես կատարում և ու՞մ ջրաղացին ես ջուր լցնում…Ջուրդ պղտոր է, ջրաղացդ պղծված, քանի, որ փոխանակ հոգիդ երանություն ապրեր, որ երկրամասիդ համար առողջությունը, երիտասարդությունը, հարազատներին նվիրաբերած Զորավարը նորից քո Հադրութում է, նորից քո թիկունքին է, զազրախոսում ես…

Զուգահեռներ ես անցկացնում քո և նրա հրամանատարական կարողությունների միջև: Իրավունք ունես, սակայն, կներեք, մտավորական եմ, ղարաբաղյան շարժման ակտիվիստ և չեմ կարողանում իդենտիֆիկացնել ձեր անունը մեր գոյամարտի որևէ հերոսի կերպարին, մինչդեռ Մանվել Գրիգորյանի անունը սարսափ էր թուրքի համար, որը նրա համար նույնիսկ գլխագին էր սահմանել:

Գիտե՞ք զարմանալի չէ, չէ՞ որ լույսի վրա շատ ավելի հեշտ է կրակել, քան նշան բռնել խավարին: Ի սեր Աստծո, հանեք ձեր միջից սատանային, սատանայական նենգությունն ու չարությունը: Ցավոք, միշտ էլ մեր մեջ ունեցել ենք անհատներ, որոնք նենգաբար վնասել են մեր Մեծերին, և հաճախ երկրից հեռանալուց հետո են արժևորել նրանց ծառայությունները, իսկ համաձայնեք, որ դա առնվազը դավաճանություն է, եթե ոչ հուդայություն, որը չնայած շարունակվում է հիշվել Քրիստոսի անվան հետ, սակայն նողկանքով:

Մարդասիրական ներքին մշակույթ է պետք հարգալից լինելու ազգային արժեհամակարգին: Ի տարբերություն ձեզ, իմ թոռնիկին Մանվել ենք կոչել (Կարատե-դո-ի Աշխարհի չեմպիոն), ի պատիվ Արցախ աշխարհի ազատության ու անկախության կերտման ճարտարապետներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի: Հանկարծ չփորձեք ինձ դասեր տալ, քանի որ մեր ընտանիքը սկսած 1989 թվականից իր հարկի տակ հանգրվանել է Արցախյան պատերազմի գրեթե բոլոր Զորահրամանատարներին, իսկ ձեզ ի դեպ չենք հանդիպել:

Երկու որդիներս էլ 5-րդ բրիգադի գրոհայիններ էին, որոնք այժմ նույն Երկրապահ կամավորականների մեծ ընտանիքի անդամներ են, Գեներալի զինակիցներ, որը փառք ու պատիվ է ընտանիքիս համար: Ցավոք, նորից քրտնել եմ ամոթից, ամաչում եմ Երկրիս փրկարարներից, մեզ ազատություն ու անկախություն պարգևող Երկրապահներից: Ամաչում եմ նաև թուրքից, որն այսօր համացանցում լսում է քեզ ու հրճվում, ուրախանում մեր հոգու տկարության վրա… Բա ապրիլի 2-ից ի վեր էյֆորիայի մեջ դիֆերամբում էինք մեր համախմբվածությունը, բա ասում էինք իբր մտել ենք համազգային համերաշխության նոր որակ, մի՞թե սա էր այդ համախմբումը, երբ զարմանալիորեն չենք հանդուրժում մեկս մյուսին: Կանգառ, թուրքին մի ուրախացրու… Ես ձեզ դիմում եմ իբրև Արցախամայր, որն ունի միայն մեկ մասնագիտություն՝ Հայուհի լինելը, որը և՛ մասնագիտություն է, և՛ կուսակցություն, և՛ գաղափարախոսություն: Երկրապահը շանթարգել է մեր Ազգի համար, Երկրապահի նախագահը ատամները կրճտացնելով, առյուծամռունչ կրում է իր Խաչը հանուն Ազատ Արցախի Ապագայի: Կանգառ, մեռցրու քո հոգում սատանային:

Կարասին ասացին. «Ինչի՞ց ես վախենում» , ասաց. «Փոքր՝ մանր-մունր խեցիներից» (ամաններից): Մեծ է Զորավարի Փառքը, Արժեքը, մի փորձեք մանր խեցու դեր կատարել ու վնասել նրա Մեծությունը: Երկրապահը մեր ազգային հրաշափառ Տաճարն է, իսկ Մանվել Գրիգորյանն այդ տաճարի ոչ թէ քուրմը, այլ Քրմապետն է»: Արզիկ Մխիթարյան՝ Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան