Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Armradio.am-ը ներկայացնում է քառօրյա պատերազմում զոհված հերոսներից մեկին՝ Նվեր Սիմոնյանին.
«Նվերը ծնվեց հենց պատերազմի ժամանակ ու գյուղացիները մինչ այսօր գիտեն, թե Նվերը իմ տղան է եղել, այլ ոչ թե թոռը, արցուքները մի կերպ զսպելով ասում է մեր օրյա արցախյան պատերազմում զոհված հադրութցի Նվեր Սիմոնյանի տատիկը: 25-ամյա Նվեր Սիմոնյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի 1-ին ջոկի հրամանատարն էր, հետախույզ գնդացրորդ-դիպուկահար:
Տատիկը` Տիկին Սվետան, պատմում է, որ սկզբից չգիտեր, թե Նվերը որտեղ է աշխատում, իսկ նշանածը՝ Զոյան, ասում է, որ Նվերը ոչ հաճախ, բայց ասում էր, որ հետախույզ է, սակայն չէինք հավատում: Մայրը ու տատիկը, իսկ արդեն վերջերս էլ Նվերի նշանածը հորդորում էին փոխել աշխատանքի բնույթը, սակայն Նվերը լսել անգամ չէր ուզում:
Նվերը նշանվել էր նախորդ տարի նոյեմբերին: նշանի մատանի դեռ Զոյայի մատնեմատին էր: Վերջին անգամ ապրիլի 4- ի առավոտյան է զանգահել նրան, ու ասել՝ մեկ ժամից կզանգի: Ասում է, որ Նվերը երբեք իրեն անունով չէր դիմում:
Սիմոնյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում` Ստեփանակերտից 74 կմ հեռու: Ընտանիքի հայրը՝ Սարո Սիմոնյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ խմբի հաշմանդամ: Եղբայրներ Նվերն ու Ազատը, հետևելով հոր օրինակին, անդամագրվում են հայրենիքի պաշտպանությանը, անցնելով պայմանագրային ծառայության: Տիկին Սվետլանան վերջին անգամ թոռան հետ խոսեց՝ ապրիլի 4 –ի լուսաբացին:
Մեր այցի ամենածանր պահը Նվերի եղբոր՝ Ազատի հետ զրույցելն էր: Այդ օրը նրանք դիրքերում են եղել՝ կողք –կողքի: Մինչ զրուցում եմ տատիկի հետ ուշի-ուշով հետևում եմ Ազատին: Նրա լռության մեջ մի բան էր երևում, որ հոգով ու մտքով դեռ եղբոր հետ է:
«Երկուսս էլ ծառայել ենք նույն տեղը: Մեզ ասել են, որ հակառակորդն առաջ ա եկել: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ինչքան տանկ առաջ ա եկել, հետ ենք մղել: Մենք տեսել ենք ԱԹՍ-ն, բայց անտեսելով, մինչև վերջ էլ հետ չենք քաշվել: Երկու օր կռիվ ենք տվել, երրորդ օրը… իմ գրկում ա մահացել ախպերս»:
Նվերի լուսանկարի կողքին նրա պատվոգրերն ու մեդալներն են: Պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով, իսկ ԼՂՀ նախագահի 2015 թ. հրամանագրով` «Մարտական ծառայություն» մեդալով: Նրան վերջին պարգևն էլ հետմահու է շնորհվել:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ ՊԲ հետախույզ դիպուկահար, ավագ սերժանտ (պայմանագրային) Նվեր Սարոյի Սիմոնյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»:
Աղբյուր՝ armradio.am