Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի կարծիքով` եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է լինելու: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԼՂ հարցի շուրջ ստեղծված ռազմական ու քաղաքական իրավիճակի մասին, նա նախ նշեց, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացավ:
«Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի կյանքն է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել»,- ասաց Զինուրովը:
Ռուսաստանցի պատգամավորը նշեց, որ այս իրադարձությունների հորձանուտում հայերի ակնկալիքները դաշնակից պետություն Ռուսաստանից չարդարացան: Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը իրեն դաշնակից պետության պես չպահեց, Զինուրովը խուսափեց պատասխանել` մեջբերելով միայն ՌԴ նախագահ Պուտինի տեսակետը, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով` առանց զենքի կիրառման:
«Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է, ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ: Առաջին հերթին զենքի վաճառքը միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք են վաճառում, զենք են գնում: Հասկանո՞ւմ եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար»,- ասաց Ռաֆայիլ Զինուրովը:
Նա միաժամանակ կարծում է, որ ռուս-հայկական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացնում են երբեմն: Ըստ ՌԴ պատգամավորի` Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը հետխորհրդային պետությունների շարքում: Ամեն դեպքում` հայերը կարող են վստահ լինել, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի:
Ինչ վերաբերում է այս օրերին Հայաստանում հակառուսական տրամադրություններին և Ռուսաստանի բռնած դիրքից Հայաստանի խոր հիասթափությանը, պատգամավորը նշեց, որ դա, իհարկե, մտահոգիչ է, սակայն քաղաքականության մեջ չկա լիարժեք հարաբերություն, 100 տոկոսանոց համաձայնություն լինել չի կարող: Պարզապես, ըստ նրա, Հայաստանում այս մասին պետք է հասկանան, չտրվեն հույզերին:
«Ադրբեջանը ստացել է իր ադեկվատ պատասխանը Հայաստանի կողմից, սա է, ավելին ասել չեմ կարող: Մնացածը մեր նախագահը արտահայտել է, մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Դիվանագիտությունը պետք է առաջնային լինի, ռազմական գործողությունները պետք է անգամ չքննարկվեն` որպես տարբերակ: Բանակցությունները պետք է ընթանան, դրա համար կա ՄԱԿ-ը, կան համանախագահ պետությունները: Ամեն ինչ պետք է արվի՝ ցանկալի խաղաղությանը հասնելու համար: Պատերազմը ցանի պես մի բան է, կտարածվի, երբ սկսվի: Սերգեյ Լավրովը եկավ, չէ՞, Երևան, սա արդեն ուղերձ է իր մեջ պարունակում»,- ասաց Զինուրովը:
Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է, որ Լավրովի այցը որևէ բան փոխի, որովհետև «դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռք բերվում»:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ՌԴ-ի կողմից Հայաստանին տարածքային զիջումների հարց ներկայացնելը, Զինուրովը նշեց. «Ոչ: Չեմ կարծում: Եթե տարածք տրվի` պատերազմ կլինի, իսկ պատերազմը տարածաշրջանին պետք չէ, մեզ խաղաղություն է պետք»: