կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-28 13:36
Քաղաքական

Աշխատանքում թերանալու համար շատերին կարելի է պաշտոնանկ անել. ՀՀԿ-ական

Աշխատանքում թերանալու համար շատերին կարելի է պաշտոնանկ անել. ՀՀԿ-ական

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը չցանկացավ խոսել երեկ ՀԿԿ խմբակացության պատգամավորների և Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

Լրագրողների հետ զրույցում նա պնդեց, թե Սերժ Սարգսյանի կողմից դժգոհություններ չեն եղել, ավելին` Սարգսյանը սրտնեղացած չէ, որ խորհրդարանը չկարողացավ անցկացնել «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տալու նախագիծը. «Ինչի՞ պետք է գոհ չլինի, ինչի՞, առաջին անգա՞մ է, որ ինչ-որ օրենք չի ընդունվում: Օրենքի տապալումը դեռ չի նշանակում, որ պատգամավորները վատ են աշխատում»,- ասաց պատգամավորը:

Yerkir.am-ի հարցին, թե դժգոհութուն չի՞ եղել նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, Հարությունյանը պատասխանեց. «Նիստի վերաբերյալ ես բարոյական իրավունք չունեմ ձեզ հետ զրուցելու: Ես չգիտեմ, ես չեմ կարող որևիցե մեկի անունից խոսել: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինձանից գոհ են, թե դժգոհ են, քանի որ ոչ գովել են, ոչ փնովել»:

Անդրադառնալով լուրերին, թե հանրապետականները երեկ տխուր են դուրս եկել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, Հարությունյանն ասաց, թե Սերժ Սարգսյանի հետ ցանկացած հանդիպման ժամանակ մարդիկ դրական իմպուլսներ են ստանում:

«Ընդհակառակը` որովհետև նախագահն այնպիսի անձնավարություն է, որ ցանկացած հանդիպման ժամանակ դրական իմպուլսներ է հաղորդում իր համախոհներին, և գոնե այս տեսակետից մեր բախտը բերել է: Գլխավոր հրամանատարն ունի կամային այնպիսի հատկանիշներ, որ ամենակրիտիկական պահին,ամենածանրագույն ժամանակում էլ իր հետ հանդիպման ժամանակ ցանկացած զինվոր, քաղաքացի դրական իմպուլս է ստանում: Դա կամային հատկանիշներ ունեցող անձնավորության տեսակ է»,- ընդգծեց նա:

Պատգամավորը խոսեց նաև ՊՆ-ում տեղի ունեցած ապշտոնանկությունների մասին: «Բոլորի համար հայտնի է, ինչո՞ւ պետք է մեզ բացատրի: Աշխատանքներում թերացումների համար պետք է ոչ միայն նրանց, այլև շատերին պաշտոնանկ անել: Կրիտիկական պահն է, պատերազմական վիճակ է, և այդտեղ շատերը պետք է ապացուցեն իրենց պիտանելիության աստիճանը»,- ասաց Հարությունյանը: